Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, կալանավորման միջնորդություն կներկայացվի․ փաստաբան
Իմնեմնիմի» հեղինակ Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, սպասում ենք, որ Քննչական կոմիտեն դատարան ներկայացնի կալանքի մասին միջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ձերբակալությունն իրականացվել է՝ կալանավորման նպատակով։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից հաղորդում ներկայացնելուց բացի քաղհայց ներկայացնելուն, փաստաբանը նշեց, որ քաղհայցից տեղեկություն չունի, բայց քրեական վարույթը նախաձեռնվել է հաղորդման հիման վրա, մեղադրանքը ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով, համանման գործով նրանք արդեն արդարացվել են, ընդ որում, դատախազը նույնն է՝ Հայկ Ավետյանը։ Բաբայանն ընդգծեց, որ իր տեղեկություններով առգրավել են նաև Անտիֆեյքի ողջ գույքը, տեխնիկան, հետևաբար, ակնհայտ է, որ սա լռեցնելու, լրատվամիջոցը փակելու միտում կա։
Անդրադառնալով երկակի ստանդարտներին, երբ նույն հոգևորականների մասին իշխանության ներկայացուցիչները տարբեր վիրավորական հայտարարություններ են անում, սակայն որևէ հետապնդում չի իրականացվում՝ Բաբայանը նշեց, որ շատ պարզ է, մի դեպքում Նիկոլ Փաշինյանի կողմից կամ նրա համար է արվում, մի դեպքում՝ ընդդիմադիր գործիչների հետ գործ ունենք։ Բաբայանը փաստեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա պնդում են, որ այդ գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա։
