Ստիպված ենք եղել ավելացնել 2021-ի ծախսերը, քանի որ ՀՌՀ գործառույթներն ավելացել են. Տիգրան Հակոբյան
Շատ դժվար է խոսել ավելացումների մասին, հատկապես՝ այս պատերազմական իրավիճակում, սակայն մենք ստիպված ենք եղել ավելացնել 2021-ի համար նախատեսված ծախսերը՝ ելնելով երկու հանգամանքից: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Առաջինը սույն թվականի օգոստոսին ուժի մեջ մտած Տեսալսողական մեդիայի մասին օրենքն է, որը բավականին ավելացնում է մեր հանձնաժողովի գործառույթները՝ և՛ բովանդակային վերահսկողության, և՛ մշտադիտարկման առումով, և՛ մեդիաների աշխատանքների իրավական վերահսկողության, նաև՝ շեշտակի ավելացվում է այն մեդիաների քանակը, որոնք կարգավորվում են հանձնաժողովի կողմից»,-պարզաբանեց Հակոբյանը:
Մյուս հանգամանքը, ըստ նրա, մի քանի օրենքների դրույթներն են, որոնք, բացի ավելի մեծ ծավալ ունեցող, բայց ներկայումս էլ առկա գործառույթներից, ավելացնում են նորերը, որոնք նախկինում չկային: «Կբավարարվենք 4 նոր հաստիքով»,-նշեց նա:
Նշենք, որ ավելի վաղ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ 2021-ի բյուջեի նախագծով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար նախատեսվել է 313 մլն դրամ:
Անդրադառնալով հարցին, թե ռազմական դրության ընթացքում ՀՌՀ-ն արձանագրել է սահմանված կանոնների խախտումներ, և դիտարկմանը, որ մեկ ամսով կասեցվել է մեկ հաղորդման հեռարձակումը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ իրենք վերջին մեկ ամսվա ընթացքում անցկացնում են ուժեղացված մշտադիտարկում, և այնպիսի սխալներ, որոնց համար կարող էին վարույթ բացել, կասեցնել, չեն եղել:Ամսի 10-ին նշված հաղորդման հեռարձակման կասեցման ժամկետն ավարտվում է: Ամեն դեպքում հաղորդումը չի լինի այն հեռուստաընկերության եթերում, որը հեռարձակում էր, որովհետև փաստաթղթեր ստացանք, որ այդ հեռուստաընկերության ղեկավարի հետ պայմանագիրը խզվել է, և մենք այդ հաղորդումը չենք ունենա»,-ասաց նա:
