Ստախոսի թագավորությունը

Լինում է, չի լինում՝ մի ստախոս է լինում։ Մի օր ինքն իրեն թագավոր է կարգում․ աճուրդների է մասնակցում, տներ է «գնում», հողեր է «ձեռք բերում», իսկ մարդկանց էլ՝ իր երևակայության օրենքներով բանտարկել տալիս։

Հետո գտնում է իր նման մեկ ուրիշին։ Մեկը սուտ է հորինում, մյուսը՝ հանդիսավոր հաստատում։ Մեկից մյուսին կեղծ տեղեկություններ են թռչում, ու երկուսն էլ սկսում են հավատալ, թե իրենց հորինած աշխարհն արդեն իրականություն է։

Մի փոքրիկ խնդիր կա միայն․ ստերը հիշողություն չունեն։

Երեկ ասածը այսօր մոռանում են, այսօր ասածը վաղը հերքում, իսկ իրենց իսկ հորինած պատմությունների մեջ այնքան են խճճվում, որ վերջում չեն հասկանում՝ որտեղ է սուտը սկսվել, որտեղ՝ իրենք։

Իսկ մի խոհեմ մարդ նստած լսում է ու ժպտում։ Չի վիճում, չի գոռում, չի էլ շտապում պատասխանել։

Որովհետև գիտի՝ այսօր ստախոսին բռնելու համար երբեմն տարիներ պետք չեն․ մի քանի վայրկյան ու մեկ ստուգում է բավական։

Ստախոսը միայն մի բան չի հաշվել՝ փաստերը չեն մոռանում այն, ինչ ինքը մոռանում է։

Փուչիկը երկար են ուռեցրել։

Հիմա արդեն այնքան է մեծացել, որ նույնիսկ ասեղը չի փնտրում։

Պայթյունը մոտ է։

Ու երբ պայթի՝ օդում կմնա ոչ թե թագավորությունը, այլ ստախոսի փուչիկը։

Երկնքից երեք խնձոր ընկավ․

մեկը՝ լսողներին,

մեկը՝ հավատացողներին,

իսկ երրորդը՝ նրանց, ովքեր սուտը չեն կուլ տալիս՝ մինչև փաստը չեն տեսնում։

Share This