Սպարտակ Ղուկասյանին Արմավիր ՔԿՀ-ից չեն տեղափոխել դատարան. առանց նրա կմեկնարկի առաջին դատական նիստը
Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել և այսօր առաջին դատական նիստն է նշանակված Հակակոռուպցիոն դատարանում՝ ժամը 14:00-ին դատավոր Սարգիս Դադոյանի մոտ:
Ambion.news-ը նախագահող դատարանի կազմից տեղեկացավ, որ մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանին Արմավիր ՔԿՀ-ից չեն տեղափոխել դատարան: Պատճառը հայտնի չէ: Ըստ էության՝ նիստը կմեկնարկի առանց Սպարտակ Ղուկասյանի և գուցե հետաձգվի:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Սպարտակ Վարդանի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։
Նշենք, որ այս գործով մեղադրյալներ են նաև Կարապետ Գագիկի Ղուկասյանը, Գյումրի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը և Արտյոմ Արտուշի Մկրտչյանը:
