Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելներն ու դամբարանները կբացվեն այցելուների համար
Ստամբուլի՝ նախկին Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները, անցուղիները, միջանցնքներն ու եռախցիկ դամբարանը նախատեսվում է մաքրել եւ բացել այցելուների համար։ Աշխարհի ամենից նշանակալի պատմաճարտարապետական կոթողներից մեկն հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է բյուզանդական Հուստինիանոս 1-ին կայսեր կողմից։ Այն երկար դարեր համարվել է Բյուզանդական կայսրության եւ նրա մայրաքաղաքի կրոնական եւ մշակութային կենտրոնը, ինչպես նաեւ աշխարհի ամենից մեծաշուք տաճարներից մեկը։ 1453 թվականին՝ Կոստանդնուպոլսի՝ Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ սուլթանի կողմից գրավումից եւ Ստամբուլ վերանվանումից հետո, Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվում է մզկիթի, իսկ 1935 թվականին այն վերածվում է թանգարանի։ 2020 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարում վերստին դառնում է մզկիթ։ Մահմեդական անվամբ այն կոչվում է Այա-Սոֆիա։ Տաճարի տարբեր հատվածների մաքրումն ու վերականգնումը իրականացվում է Այա-Սոֆիայի ֆոնդերի գլխավոր վարչության կողմից։ Թուրք գիտնականները նշում են, որ Սուրբ Սոֆիայի տաճարի շրջակայքում կան մոտ մեկ կիլոմետր երկարության ստորգետնյա շինություններ, որոնք ներառում են թունելներ, անցուղիներ եւ դամբարան։ Այա-Սոֆիայի պատասխանատուները նշում են, որ այդ ամենը մաքրվելու է մեկ տարվա ընթացքում եւ ներկայացվելու հանրությանը՝ բաց լինելով այցելությունների համար։ Մասնագետները նշում են, որ այդ ստորգետնյա շինությունների տարիքը ոչ պակաս է, քան 1500 տարեկանը, իսկ դամբարանում իրականացված հուղարկավորություններից որոշները շատ ավելի հին են, քան տաճարը։ Այդ շինությունները մաքրվելու են նաեւ այն պատճառով, որպեսզի բարելավվեն տաճարի օդափոխության համակարգը։ Շատ փորձագետներ արդեն նշում են նաեւ, որ Ստամբուլը մեծապես կշահի ֆինանսական առումով այդ նախագծի իրականացումից
