Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները

Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության հիմնական ուղղություններից է։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանապահ ուղեկալներ։ Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ»  և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձի

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունել է Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհավորել նրանց նոր ուղեկալների բացման կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց է կատարել նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացել է նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համապատասխան հանձնարարականներ է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարությանը։

Share This