Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, ծավալուն հետազոտական աշխատանք է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում Սերժ Սարգսյանի ներդրման մասին։

Արդիականությունը

Պատմության մեջ անհատի դերը՝ իբրև պատմաիմաստասիրական հիմնախնդիր, վաղուց զբաղեցրել է ուսումնասիրողների միտքը[1]: Հայաստանի անկախության տարիներին անհատի դերի ընկալումը, գնահատումը և վերաիմաստավորումը բազմաթիվ փոխակերպումների են ենթարկվել, ցավոք, հաճախ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Քաղաքական մրցակիցներին և իրավանախորդ իշխանություններին քննադատելու միջոցով ինքնահաստատվելու ավանդույթը դարձել է հասարակական առաջընթացի ու հանրային համերաշխության հասնելու խոչընդոտներից մեկը: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ անհատի դերի վերաիմաստավորման փորձերը[2] միանշանակ չեն ընկալվել հանրության շրջանում, ոչ միայն սուբյեկտիվիզմի ու միակողմանիության մեծ չափաբաժնի, այլև քաղաքական ու աշխարհայացքային դիրքորոշումների և լարված տարակարծությունների պատճառով: Ուստի ռիսկային է պատմական գնահատականներ տալ ժամանակակիցներին նրանց կենսագործունեության և ընդհանրապես պատմական գործընթացների անավարտության պայմաններում:

Մյուս կողմից, իրադարձությունների բազմաթիվ մասնակիցների ու ականատեսների աչալուրջ ու քննախույզ հայացքի ներքո պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելն ավելի արդյունավետ կարող է լինել, ինչը հիմք կծառայեր պատմագիտական ծանրակշիռ ու մնայուն գնահատականների համար: Եթե հայրենիքի համար զոհված հրամանատարների[3] ու ազատամարտիկների[4] կենսագրական բնույթի աշխատանքների նկատմամբ, ընդհանուր առմամբ, հանդուրժողական ու լոյալ վերաբերմունք կա, ապա քաղաքական ու ռազմական և այլ գործիչների մասին գրավոր խոսքի հանդեպ հանրությունը նրբանկատ ու զգայուն է:

Ս. Սարգսյանի ռազմական ու պետական գործունեության վերաիմաստավորումը պահանջված է վերջին տարիներին ՀՀ-ում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների ազդեցությամբ հիմնական դեպքերի ու առանցքային դեմքերի բնութագրումների առանձնահատկությունների սահմանման, սոցիալական առանձին խմբերի ու իշխանության թևերի հաջողություններն ու ձախողումներն առանձին գործիչների վերագրելու (անձնավորելու) կամ անհարկի ընդհանրացնելու բացասական հետևանքները երևակելու, ոչ հեռու անցյալի ու ժամանակակից գործիչների վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելու և այն համահայկական (հնարավորինս նաև՝ միջազգային) գիտական համակարգում ինտեգրելու անհրաժեշտությամբ:

Սույն ուսումնասիրության նպատակը յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր բաղադրիչ համարվող և երկարամյա հակամարտության ու դրա կողմերից մեկի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության պայմաններում ՀՀ պետական համակարգում առավել ծանրակշիռ դարձած ռազմական շինարարության բնագավառում Ս. Սարգսյանի ունեցած ավանդի հիմնավորված ու փաստարկված վերաիմաստավորումն է:

Ուսումնասիրողն առաջադրել է հետևյալ հետազոտական խնդիրները.

– ներկայացնել Ս. Սարգսյանի գործունեությունը Արցախի պաշտպանական-անվտանգային հրատապ խնդիրների լուծման բնագավառում, որտեղ և դրսևորվեցին երբեմնի կուսակցական գործչի ընդունակությունները ինքնապաշտպանության կազմակերպման, նորաստեղծ զորային կառույցների ու պաշտպանության գործում ներգրավված ստորաբաժանումների համակողմանի մատակարարման, համալրման ու զորակոչի անցկացման և այլ հրատապ ձեռնարկումներում: Նա իր զինակիցների հետ առաջանցիկ է համարել ռազմական շինարարությունը, որպես` պետականակերտման գործընթացի գլխավոր ուղղություն՝ դրա առաջընթացը զուգորդելով Ադրբեջանի զինված ագրեսիային դիմագրավելու հրատապ գործողությունների ու միջոցառումների հետ:

Մյուս կողմից, համապարփակ շրջափակման ենթարկված Արցախում բանակաշինության հաջողություններն ուղիղ համեմատական էին ռազմական գործողությունների արդյունքներին: Հակառակորդի նախահարձակմանը դիմագրավելու պայմաններում, բնականաբար, զինված ուժերի շինարարության հիմքում ընկած էր պատերազմող բանակ ստեղծելու հրամայականը: Ս. Սարգսյանի շուրջ ձևավորված թիմը նրա ղեկավարությամբ բանակաշինությունը տարել է նորաստեղծ պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովման հունով, որն անհրաժեշտ էր Արցախի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով ցանկացած ագրեսիա հետ մղելու համար:

– վերաիմաստավորել Ս. Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման առաջին շրջանը (1993-1995) և փաստարկված ներկայացնել նրա ավանդը բանակաշինության այդ դժվարին փուլում:

– վերաիմաստավորել Ս. Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանը (2000-2007) և հիմնավորապես ներկայացնել նրա անձնական ավանդը ՀՀ ԶՈՒ-ի զարգացման ու բարեփոխումների գործում:ներկայացնել ՀՀ 3-րդ նախագահի, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի գործունեությունը և ավանդը բանակաշինության հետագա առաջընթացի, ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի կատարելագործման, ռազմատեխնիկական միջազգային համագործակցության և դաշնակցային հարաբերությունների զարգացման ու այլ ոլորտներում:

Ժամանակագրական և աշխարհագրական շրջանակները

Ուսումնասիրությունն ընդգրկում է հիմնականում 1991-2018 թվականները, սակայն առանձին դեպքերում անդրադարձներ կան 1988-1990 և 2018-ին հաջորդած տարիներին: Պատճառահետևանքային կապի մեջ քննության են առնված Արցախում, ՀՀ-ում, երբեմն նաև մերձավոր ու հեռավոր արտասահմանում, հայկական սփյուռքի բնակավայրերում ծավալված իրադարձությունները:

Ուսումնասիրվածության աստիճանը (գրականության և սկզբնաղբյուրների տեսություն)

Ի տարբերություն Ս. Սարգսյանի՝ նրա ենթակայությամբ կամ ստորադասությամբ գործած բազմաթիվ զինվորականներ ու քաղաքագետներ արդեն հրատարակել են ինքնակենսագրական, վարքագրական կամ հուշագրական բնույթի երկեր, որոնցում անդրադարձներ կան իրենց ձեռքբերումներին ու հաջողություններին ըստ ամենայնի նպաստած Գերագույն գլխավոր հրամանատարի վաստակին[5]:

Պետական[6], պաշտոնական[7], գերատեսչական[8], կուսակցական[9] և մի շարք այլ[10] կայքէջերում զետեղված պաշտոնական կենսագրականներում տեղեկություններ կան նաև Ս. Սարգսյանի՝ որպես ռազմական գործչի ու կազմակերպչի սրընթաց կարիերայի մասին[11]:

ՀՀ 3-րդ նախագահի գործունեության առանձին դրվագների վերաբերյալ տեղեկություններ են տալիս ընթացիկ կամ իրադարձային հրատարակությունները[12]:

Ս. Սարգսյանի պետական գործունեության գաղափարական, աշխարհայացքային ակունքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն են ընձեռում առանձին ելույթների[13], հարցազրույցների, հրապարակումների ժողովածուների նյութերը[14]:

Նախընտրական մրցապայքարի ու հետընտրական գործընթացների ազդեցությամբ զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ) հեղեղվել են Ս. Սարգսյանի քաղաքականությունը քննադատող ու պաշտպանող բազմապիսի հրապարակումներով, որոնց քննախույզ համադրումը հնարավորություն է տալիս տարբերել օբյեկտիվ, հավասարակշռված, փաստարկված գնահատականները սուբյեկտիվ կարծիքներից ու անվանարկող, ծայրահեղական ու անհիմն որակումներից: Հիմնականում հենց ԶԼՄ-ների իրարամերժ հրապարակումների հիման վրա լույս են տեսել մի շարք գրքեր[15], որոնց աղբյուրագիտական նշանակությունը տակավին դժվար է որոշարկել:

Հայաստանի զինված ուժերի շինարարության, այդ թվում՝ բարեփոխումների ու ռազմավարական զարգացման գործում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի երկու ժամկետով պաշտոնավարման և որպես ՀՀ երրորդ նախագահ և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար՝ գործունեության բերումով ունեցած ավանդի մասին են ինչպես նրա պաշտոնական ու հրապարակային ելույթները[16], զեկուցումները[17], ուղերձները[18], ԶԼՄ-ների հրապարակումները[19], այնպես էլ պաշտպանական-անվտանգային բնույթի ռազմավարականփաստաթղթերի, հայեցակարգերի[20], ծրագրերի ղեկավարման արդյունքում առաջացած վավերագրերը, հրամանները[21], կարգադրությունները և ԶՈՒ-ի ամենօրյա ղեկավարման ծառայողական գրագրությունները:

Այդ ամենի մասին լիակատար պատկերացում կազմելու համար կարևոր է բացահայտել բանակաշինության գործընթացի ակունքները, որոնք սկիզբ են առնում Արցախում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ալիքի վրա տեղում կազմավորված ռազմական կառույցից, որի ստեղծման ու կայացման գործում Ս. Սարգսյանի ավանդը նշանակալի է: Որպես Արցախում ռազմական շինարարության գործընթացի մասնակից և ուսումնասիրող՝ հնարավորինս ներկայացրել ենք ինչպես դրա հիմնական փուլերն ու առանձնահատկությունները, այնպես էլ առանձին գործիչների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանի ունեցած ներդրումը[22]:

Ժամանակին Արցախի Հանրապետության կառավարության, ԱԺ ընթացիկ, պետական, ՊԲ (ՊՆ) արխիվների ֆոնդերից համապատասխան տեղեկություններ ենք բանաքաղել և օգտագործել մեր աշխատություններում, որոնց հավելվածներում հրապարակել ենք նաև ամբողջական վավերագրեր, որոնք, փաստորեն, սկզբնաղբյուրային նշանակություն են ձեռք բերել 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով տեղի արխիվային հարուստ ժառանգության ոչնչացումից հետո:

Ընդհանրացնելով թեմայի պատմագրության սույն համառոտ տեսությունը՝ նպատակահարմար է արձանագրել, որ հրապարակի վրա եղած բազմաբնույթ նյութը և տակավին փակի տակ պահվող արխիվային վավերագրերը համակարգելու, վերլուծելու և ընդհանրացնելու միջոցով ՀՀ զինված ուժերի կայացման ու զարգացման գործում առանձին գործիչների, այդ թվում՝ Ս. Սարգսյանի ավանդը գիտականորեն վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա, ինչը պայմանավորված է ոչ հեռու անցյալը համակողմանի ու անաչառ ներկայացնելու, պետական, քաղաքական ու ռազմական գործիչների վաստակն ըստ արժանվույն գնահատելու և պետականակերտման գործընթացները համապարփակ դիտարկելու, հասկանալու հրամայականով:

Աղբյուրագիտական հիմքը

Share This