ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը, դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով, իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ պաշտոնատար անձը, մշտապես բնակվելով իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։
Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝ 21.400.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային:
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
