Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար․ Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը
Այսօր՝ մայիսի 25-ին Մոսկվայում անցկացվեց Armenian Business Forum 2024-ը, որը Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցների գործակցության ամրապնդման հիմնական բիզնես հարթակ է դարձել: Միջոցառումը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ն` «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին 400-ից ավելի գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից, որոնց թվում էին ինչպես խոշոր բիզնեսի, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների ներկայացուցիչներ:
Ֆորումի շրջանակում անցկացվեցին պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ֆորումի բացման իր ելույթում ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը շատ կարևոր է։
«Ռուսաստանը պատմականորեն Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է։ Մեր՝ որպես հայաստանյան գործարար համայնքի, խնդիրն այդ հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումն է։ Համախմբվենք և «կամուրջ» դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար։
Նա ընդգծել է սփյուռքի կարևոր դերը՝ որպես երկկողմ համագործակցության հիմք։ «Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»,- նշել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտում գտնվող իր հայրենակիցներին, և շնորհավորելով Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթել նրան ու գերիներին ուժ ու արիություն՝ իրենց բաժին հասած փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու համար:
Armenian Business Forum 2024-ին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԵԱԶԲ կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Նա իր խոսքը նվիրել է ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի ստացած հնարավորություններին։ Ըստ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ում որոշումների կայացման մեխանիզմները ինքնիշխանության իրացման եզակի գործիք են ստեղծում։
«Որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա: Այսինքն, առանց Հայաստանի ձայնի ԵԱՏՄ–ի 180– միլիոնանոց շուկայում որոշումներ չեն կարող ընդունվել և իրագործվել», – ասել է նա։
Սարգսյանը հավելել է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցությամբ կարող է ավելի մեծ չափով իրացնել իր ազգային ներուժը։ Հենց միության միջոցով են Հայաստանի առջև արդյունավետ հնարավորություններ բացվում Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի հետ փոխգործակցության համար։
