Որոնք են օրգանիզմի համար ամենավնասակար և տոքսիկ մրգերն ու բանջարեղենը

Թարմ մրգերն ու բանջարեղենն ընդունված է համարել առողջարար մթերք, որը պետք է անպայման ներառել սննդակարգում, սակայն թունաբան Միխայիլ Կուտուշովը նախազգուշացնում է, որ դրանք կարող են օրգանիզմի համար վտանգավոր նիտրատներ կուտակել։ Այս մասին մասնագետն ասել է «Доктор Питер» պորտալի հետ զրույցում։

Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի հրաժարվել պատրաստի կտրատված կանաչեղենից ու կլոր ամսաբողկերից, քանի որ դրանցում նիտրատների պարունակությունն առավել մեծ է լինում։ Եթե դրանցից հրաժարվել հնարավոր չէ, ապա օգտագործելուց առաջ նման կանաչեղենը հարկավոր է լվանալ եռման ջրով։

«Նիտրատների բարձր պարունակությամբ մթերքով թունավորման առաջին ախտանշաններն են փսխումը, փորլուծությունը, թույլ անոթազարկը, զարկերակային ճնշման նվազումն ու արագացած շնչառությունը։ Նիտրատներով թունավորման յուրահատուկ ախտանշան է մեծացած, սովորականից պինդ լյարդը, ինչն ուղեկցվում է ցավոտ զգացողություններով», – նախազգուշացրել է մասնագետը։

Ամենաթունավոր սննդամթերքի տեսակների շարքին են դասվում նաև տարվա ոչ ճիշտ ժամանակահատվածում աճեցված ձմերուկն ու սեխը։ Բանն այն է, որ դրանց աճը խթանելու համար հաճախ ազոտաթթվի աղեր են կիրառվում, իսկ դրանք խիստ վնասակար են առողջության համար։

Մասնագետը նաև ներկայացրել է առավել անվնաս մրգերն ու բանջարեղենը, որոնց շարքին են դասվել կաղամբը, դդմիկն ու ծովաբողկը։

Share This