«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից
![«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից](https://www.iravunk.com/timthumb.php?src=disc/27-06-24/910e00ea060c1e574f43494f5885194a.jpg&w=780)
Երևանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս կարևոր դետալը հետայսու կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինեն արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական և բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքերի և ժայռերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։ Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։
«Կարմիր գորգի չեղարկումն ունի մի քանի պատճառ. օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած կարմիր գորգի հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը: Մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները և ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝ ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով և գործված՝ ավանդական տնայնագործ կանանց կողմից»,-նշել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։