Նիկոլը գնում է պատերազմ
Նիկոլին սպառնա՞լ… Ինչո՞ւ… Մի՞թե, որ նա վախենա եւ այլեւս ամբախ-զամբախ բաներ չասի ընդդիմությանը: Ոչ, եղբայր, դա իմ ոճը չէ: Ես էլ հո Լեւոն Տեր-Պետրոսյանի գեղի կլուբից դուրս եկած չեմ՝ տո բացիլն էլ ես դու, հլա արի ասեմ, արա… Հա՛մ տգեղ է, հա՛մ էլ պատիվ չբերող: Թեեւ չեմ էլ կասկածում, որ այս մի քանի օրը Փաշինյանից այդ ոճով պատիվ պահանջողներ կլինեն: Առիթն էլ իրենք են տվել՝ Նիկոլը, նրա ընտանիքի թերթը, աներձագը, հեռու-մոտիկ բարեկամները, թիմակիցները: Գուցե տարօրինակ հնչի, բայց չի բացառվում, որ երբ Նիկոլը հայտնվի «ռազմադաշտից» մազապուրծ փախուստի հրամայականի առաջ, ես առաջիններից մեկը լինեմ, որ բարեխոսեմ նրա համար: Իմ բնավորությունը լավ գիտեմ, տառապանքս էլ փորձ ունի: Տեր-Պետրոսյանը, երկար կյանք իրեն, կհաստատի ասածներս:
Պատերազմների ժամանակ, իսկ ես առնվազն 2 պատերազմի մասնակից եմ, ընդունված է, որ ժողովրդին ոգեւորեն, գոտեպնդեն, մղեն անձնուրաց արարքների: Դա հաղթանակի կեսն է: Մյուս կեսով հաղթանակը կախված է պետության ղեկավարներից, գեներալներից, բանակի վիճակից: Կորոնավիրուսի հարձակման հետեւանքով գերագույն գլխավոր հրամանատար դարձած Փաշինյանը, սակայն, որոշել է չպահել պատերազմական չգրված օրենքներն ու նախընտրել է Քաջ Նազարի մարտավարությունը՝ որ մին զարկեմ, ջարդեմ հազար: Հասկանալի պատճառներով այդ մարտավարությունը չի աշխատում կորոնավիրուսի դեմ: Փաստեր՝ որքան ուզեք: Պինցետն ու օղին պետք չեկան, կառավարության ողջ կազմով Ծաղկաձորում մեկուսացված վարակակիրներին այցի գնալն ու կորոնավիրուսին դուխով հակահարված տալն էլ էֆեկտիվ չէին, սուտ հիվանդանալն ու առողջանալն էլ չազդեցին թագաժահրի վրա: Դե, իսկ օրական մինչեւ 700-ի հասնող նոր դեպքերն ու մարդկային կորուստների աճն էլ խոսում են այն մասին, որ Փաշինյանն ակնհայտ կերպով պարտվում է կորոնավիրուսի դեմ «հայրենական» պատերազմում:
Վերջում կապիտուլյացիա, չգիտեմ, կլինի, թե ոչ, բայց նույնիսկ այս ծանր վիճակներում գերագույն գլխավոր հրամանատարն իրավունք չունի չպահելու ժողովրդին ոգեւորելու, գոտեպնդելու, սխրանքների մղելու չգրված օրենքը: Եթե Հիտլերն իր վերջին օրերին սկսեր գերմանացիներին մեղադրել երկիրը պարտության դուռը հասցնելու մեջ, ի՞նչ կստացվեր: Նույնն էլ հիմա Փաշինյանն է անում՝ առանց դիմակի ոչ մի պողոս չի պլստալու, այդ դուք եք մեղավոր, որ կորոնավիրուսը մեզ հաղթում է… Մեկ էլ հետ է դառնում ու ընդդիմությանն է հաթաթա տալիս՝ բա կարելի՞ է պատերազմի ժամանակ պարտվող հրամանատարի հրաժարական պահանջել: Իսկ ի՞նչ անել, թողնել, որ գործը հասնի վերջնական կապիտուլյացիայի՞: Բունկեր էլ չունի, որ տանենք, այնտեղ պահենք իրեն:
Կուզենայի այս տխուր խոհերս դնել մի կողմ ու, որպես գերագույն գլխավոր հրամանատարի, նրան հարց տալ՝ որքանո՞վ կմեծանան կորոնավիրուսին հաղթելու մեր շանսերը, եթե Հայաստանում մի հատ էլ քաղաքացիական պատերազմ սկսվի: Այս հարցի պատասխանը կարող է տալ նույնիսկ 9-րդ դասարանցին, որ կասի՝ այդ ժամանակ մենք կկորցնենք ամեն ինչ: Եվ եթե դա իրոք այդպես է, ես ինչպե՞ս հասկանամ մեր գերագույն գլխավոր հրամանատարին, որ արդեն երկրորդ դեպքն է, որ կորոնավիրուսի դեմ պատերազմի «գենշտաբից» դուրս է գալիս ու անմակարդակ ակնարկներով վիրավորում այն քաղաքական ուժերին, որոնք այսօր բարձրաձայնում են անձամբ իր ու իր հրամանատարության ներքո «կռվող» գեներալների անճարակության ու սխալների մասին: Այսինքն ի՞նչ, բավական չէ, որ այդ նույն ընդդիմությունը նրա սխալների պատճառով տանում է այս պատերազմի դժվարությունները, մի հատ էլ պետք է ուրախ լինի, որ նրա նման հրամանատա՞ր ունենք: Ընկերովի մահը, իհարկե, ասում են՝ հարսանիք է, բայց սա, հաստատ, այդ դեպքը չէ: Ո՞վ է տեսել պատերազմում պարտվող հրամանատարն այնքան սիրի աթոռը, որ բոլորին իր հետ տանի կործանման, միայն թե հրաժարական չտա:
Ասեմ նաեւ, որ առայժմ դիմակի տակից ընդդիմությանը հաթաթաներ տալու փուլում է վարչապետը: Չգիտեմ՝ դեռ ինչքան առաջ կգնա, բայց որ վախեցած է, անզեն աչքով էլ է երեւում: Նա այսօր միակ ղեկավարն է աշխարհում, որ ի զորու չէ սեփական առողջապահական անվտանգությունն ապահովել նույնիսկ ամենանեղ շրջապատում՝ կառավարության նիստերի դահլիճում, իր տան բակից տրվող ճեպազրույցներում, առողջապահության նախարարի եւ պարետի հետ հանդիպումներում, վերջապես՝ իր բնակարանում՝ լայվերի ժամանակ: Այդ դեպքում նա ի՞նչ կարող է անել երկրի մասշտաբով՝ Տաշիրից մինչեւ Մեղրի: Չեմ բացառում, որ Պուտինին կամ Թրամփն էլ են դիմակ կրում անհրաժեշտության դեպքում, բայց հո դիմակով չե՞ն թառում հեռուստաէկրանին ու ցույց տալիս, որ անզոր են կորոնավիրուսի դեմ պայքարում: Ոչ միայն թքած ունենալը, նաեւ թքած չունենալն է նուրբ արվեստ, պարոն վարչապետ:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, որ քաղաքական առումով խուճապի է մատնել Փաշինյանին: Ընդդիմությունը, որի մասին իր մեծամտության պատճառով մոռացել էր մեր ժողվարչապետը, որոշել է համախմբվել եւ մեկ այլ հրամանատար նշանակել, որը, գուցե, չի լինի այսքան էքսցենտրիկ, այսքան հախուռն, այսքան անճարակ եւ մեզ ավելի լավ կառաջնորդի այս պատերազմում: Արժե՞ր այդ քաղաքական պարզ պահանջից մի այնպիսի էշի հարսանիք սարքել, որ ընդդիմադիրներին անվանեին դավաճան, խելահեղ, բացիլ եւ այլն: Բայց, ինչպես վերեւում ասացի, շկոլայի հարց կա այստեղ: Տեր-Պետրոսյանի շկոլան մեզ ուրիշ բան, քան Նիկոլ Փաշինյանն է, չէր էլ կարող տալ: Ահավասիկ, մարդիկ պահանջում են վերադարձնել հավաքների եւ ցույցերի ազատությունը, իսկ Փաշինյանն այդ պահանջը համարում է անօրինական ու նրանց տանում է բաժին: Քաշքշելով: Ինչ ասեմ՝ շկոլան զորավոր բան է:
ՀԳ. Առողջություն ամենեցուն, եւ, իհարկե, երանի նրանց, որ չեն տեսնում, բայց եւ հավատում են, որ Փաշինյանը պատերազմի մեջ է:
