ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, ծխելու դեմ պայքարի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, հյուրի կարգավիճակով ներկա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարց տվեց ծխախոտային նոր միջոցների արգելման մասին, քանի որ դրանք ծուխ չեն արտանետում եւ հետաքրքրվեց`նախագիծը ներկայացնելիս վարչարարական եւ մնացյալ ծախսերը հաշվարկվե՞լ են, որքա՞ն լրացուցիչ ծախս է պահանջվելու:
Կառավարության ներկայացուցիչը հարցի առաջին մասով ասաց, որ առողջապահական տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների համաձայն, ծխախոտային նոր միջոցներն ունեն նույն ազդեցությունը, ինչ-որ ծխախոտը, ուստի նույն կերպ պետք է կարգավորվեն: Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ հակառակն ապացուցող գիտական աղբյուրներ վկայակոչեց`մի քանի էջից բաղկացած, դարձյալ միջազգային կառույցներին հղումներ անելով: Մասնագիտական բանավեճից Բաբկեն Թունյանը եզրահանգում արեց եւ ավելի ուշ հեգնեց կառավարության ներկայացուցչին. «Եթե որեւէ կառույցի ասածը ձեր սրտով է, դա վստահելի եք համարում, եթե ձեր սրտով չէ`անվստահելի է. դուք դա բաց տեքստով ասացիք»:
Վարչարարության մասով էլ կառավարության ներկայացուցիչը ասաց`վերահսկող մարմինների հետ կրթական եւ իրազեկման աշխատանքներ կտարվեն, ուստի ի տարբերություն նախորդ տարբերակի, որը օրենքի կիրառումը սահմանում էր 2020-ի մայիսից, այս տարբերակով նախատեսվում է որոշ դրույթների`ավելի ուշ կիրառում: Վարչարարությունը թեթեւացնելու նպատակով նաեւ ինովացիոն տեխնոլոգիաներ կկիրառվեն, բացի տեսչական ստուգումներից, ահազանգերի դեպքում, լրացուցիչ ստուգումներ կլինեն: Ծախսերի մասով կառավարության ներկայացուցիչը լռեց, թեեւ Բաբկեն Թունյանը երեք անգամ հորդորեց թիվ հնչեցնել: Հետո ասաց`չի գնահատվել: Նարեկ Զեյնալյանը լրացրեց`գնահատվել է, բայց թիվ այդպես էլ չհնչեց: Կառավարության ներկայացուցիչները` 5-6 հոգանոց խումբ, նաեւ շահագրգիռ հասարակական կարույցների ներկայացուցիչները նեղսրտեցին խնդրի` տնտեսական դաշտ տեղափոխումից: Քննարկումը նրանք մղեցին առողջապահական դաշտ`փորձելով ապացուցել, որ ծխելու արդյունքում թոքի քաղցկեղով հիվանդանալն ավելի մեծ բեռ է թե տվյալ մարդու, թե պետության վրա, քան որեւէ այլ ծախս: Այստեղ եւս հղումներ եղան միջազգային փորձաքննություններին, հետազոտություններին: Պատգամավորներից մեկի հարցն էլ ի պատասխան ասացին, որ այն երկրներում, որտեղ ծխելն արգելվել է, թոքի քաղցկեղը նվազել է 90 տոկոսով: Մասնագիտությամբ բժիշկ եւ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այս թվի մասով վերապահում ունի, իսկ նրա հարցը`թոքի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը ծխող ե՞ն, անպատասխան մնաց: Բայց ասվեց, որ եթե այսօր ծխելը վերացվի, թոքի քաղցկեղով մահացությունները 27 տոկոսով կկրճատվեն:
Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ հարցը քննարկվելու է բազմակողմանի եւ եթե որեւէ տնտեսվարող ՀՀ օրենքներին համապատասխան է գործում, նրա շահերը նույնպես պետք է հաշվի առնվեն:
