Մրգերի մեջ սննդային մանրաթելերի պարունակության ռեկորդակիրներն են գուավան
Գիտնականները պարզել են կյանքի կեսին ընտրված դիետիկ ընտրության խոր ազդեցությունը հետագա կյանքի վրա։ Համակողմանի ուսումնասիրությունը, որը տեւել է երեսուն տարի, ցույց է տվել, որ առողջ սնվելու որոշակի մոդելների հետեւող մարդիկ 70-ամյա տարիքի հասնելու ավելի մեծ հավանականություն ունեն առանց քրոնիկական հիվանդությունների։ Այս մասին գրել է ScienceAlert-ը։
Թ.Հ. Չանի անվան հանրային առողջության Հարվարդի դպրոցի եւ Կոպենհագենի համալսարանի մասնագետների խմբի հետազոտությունը, որն իրականացվել է դոկտոր Անն-Ժյուլի Թեսիեի ղեկավարությամբ (Մոնրեալի համալսարանի սննդի ամբիոնի դոցենտ), հետեւել է ավելի քան 105 հազար մասնակիցների սննդային վարքին, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Տարբեր դիետաների շարքում, որոնք ուսումնասիրվել են Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունում, առավել արդյունավետը առողջ սնվելու այլընտրանքային դիետան էր (AHEI)։
Հարվարդի դիետոլոգների մշակած AHEI-ն ընդգծում է մրգերի, բանջարեղենի, ամբողջահատիկ ձավարեղենի, ընկույզների, լոբազգիների եւ առողջ ճարպերի օգտագործումը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով կարմիր եւ վերամշակված մսի, շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքների եւ ավելորդ աղի օգտագործումը: Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք ուշադիր հետեւել են AHEI-ին, 86 տոկոսով ավելի հավանական է, որ առողջ ծերանան՝ նրանցհամեմատ, ովքեր ավելի քիչ են հետեւում սննդակարգին:
Հետազոտության մեջ «առողջ ծերացման» մասին տրված սահմանումը ներառում է ոչ միայն հիմնական քրոնիկական հիվանդությունների բացակայությունը, ինչպիսին են քաղցկեղը, դիաբետը եւ սիրտ-անոթային հիվանդությունները, այլեւ կոգնիտիվ, ֆիզիկական եւ մտավոր բարեկեցության պահպանումը:
Այս մոտեցումն ընդգծում է սննդակարգի կարեւորությունը, որն աջակցում է ընդհանուր առողջությանը, այլ ոչ թե պարզապես կանխարգելում որոշակի հիվանդությունները:
Հետազոտությունը նաեւ պարզել է Պլանետար առողջ սննդակարգի ինդեքսի (PHDI) օգուտները, որն ընդգծում է բուսական ծագման մթերքների կարեւորությունը եւ սահմանափակում կենդանական ծագման մթերքքները ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի կայունության համար:
Մինչ AHEI-ն գլխավորում էր վարկանիշային աղյուսակը, PHDI-ն նաեւ ցույց է տվել ամուր կապ առողջ ծերացման հետ՝ ենթադրելով, որ օգտակար դիետաները կարող են միաժամանակ բարելավել մարդու առողջությունը:
Այս տվյալներն ավելացնում են աճող ապացույցների շարքը, որոնք հաստատում են բուսական ծագման մթերքներով հարուստ դիետային անցնելու առավելությունները, որը լրացվում է առողջ կենդանական մթերքների չափավոր քանակությամբ: Նման դիետան ոչ միայն մեծացնում է առողջ ծերացման հավանականությունը, այլեւ թույլ է տալիս հաշվի առնել տարբեր մարդկանց անհատական նախասիրությունները, նշել են հեղինակները։
