Մենեջերը դուրս էր արել, ասել էր գնա, երեսդ չտեսնիմ. ինչպես Անահիտը նոր մասնագիտություն ու աշխատանք ունեցավ
«Ծնվեց ու ինձ արագ, հենց հաջորդ օրը դուրս գրեցին: Բժիշկների «նվերն է» Անահիտի խնդիրները»:
Հեղինե Մարգարյանն է՝ թույլ լսողություն ունեցող կապուտաչյա Անահիտի մայրը: Պատմում է՝ ինչ դժվարություններ են հաղթահարել աղջկա հետ՝ մինչ այսօրվա ինքնուրույն կյանքին հասնելը:
«Ծնված ժամանակվանից հիվանդանոցներում էինք: Երբ սկսեց խոսելը, մեկ-երկու խոսք ասեց ընդամենը: Հետագայում Երևան տարանք ստուգման, ասացին լսողությունը թույլ է, երկար բուժում է պետք, քառասունքի մեջ էր, ինչ-որ վիտամիններ էին իրեն սրսկել: Մասնագետները գտան, որ դրանք ավելի են վնասել եղած լսողությունը: Ու Անահիտը էլ չխոսեց»:
Ընտանիքն այնուհետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնությունը: 3-ամյա Անահիտը նախ մանկապարտեզ, հետո արդեն նաև դպրոց չի հաճախել:
«Էդ տարիքում, որ արդեն Ռուսաստանում էինք, փաստաթղթեր չունեինք, որ ես կարողանայի իրեն մանկապարտեզ ու դպրոց տանեի, հետո էլ տատիկ-պապիկն ասում էին թող չգնա, թող մի տարի հետո գնա, գուցե կխոսի, էդ ժամանակ էլ կգնա: Ու ոչ մի ժամանակ էլ չգնաց իմ աղջիկը որևէ տեղ: Հետո էլ Մոսկվայում էինք, ես կվախենայի մենակ թողնել, տրանսպորտ, մետրո, գնար, կորեր, օտարությունն արեց իրենը, թե չէ ինքը շատ շփվող է, խոսող-լսող երեխեքի հետ էլ է շփվում, եթե հետն ուզեն մոտենալ, խոսել»,- պատմում է մայրն ու լռում:
Կարճ դադարից հետո տիկին Հեղինեն անցած-գնացած օրերի դժվարություններով լցված ճանապարհի հերթական կանգառն է հասնում: Անահիտը թեև դպրոց չի գնացել, չի լսել ու խոսել, սակայն մոր ջանքերի շնորհիվ, գրաճանաչ է եղել, գրել, կարդալ, հաշվել է կարողացել:
«Ես եմ ռուսերենով գրել-կարդալ սովորեցրել իրեն: Նաև սուրդոմանկավարժի մոտ տարա, որ հնարավոր լիներ երեխայի հետ կոնտակտ ունենալ, հետո ինքը կարողանար քիչ-քիչ իրեն ընկալել: Շատ լավ էր հասկանում, որ ուրիշներից տարբեր է: Սուրդոմանկավարժը շատ զարմացավ, երբ տեսավ,որ 3 տարեկան Անահիտը կարողանում է մատների վրա հաշվել ու գրել: Ասում էր՝ զարմանում եմ, չեմ հասկանում, ոնց է կարողանում գույներն իմանալ ու շատ այլ բաներ»:
Մեր զրույցին նաև Անահիտն է միանում: Հաղորդակցվում ենք մասնագետնի օգնությամբ: 31-ամյա աղջիկը պատմում է, որ երեխա ժամանակ մշտապես զգացել է իր նկատմամբ խտրական վերաբերմունք:
«Նախ իմ շրջապատում շատ չկային լսողական խնդիր ունեցող մարդիկ, որ հնարավոր լիներ նրանց հետ գոնե շփվել, հետո էլ շատերը ժեստերի լեզվին չէին տիրապետում: Մարդիկ կային, որ ինձ լավ էին վերաբերվում, մարդիկ կային՝ վատ, խուսափում էին: Նաև վիրավորական բառեր ասում: Խտրական վերաբերմունքը զգացվել է և շատ արտահայտված էր դա»,- ասում է Անահիտը:
Մոսկվայում հիմնականում տանն է եղել, արդեն հասուն տարիքում օգնել է մայրիկին՝ խմորեղեններ, տորթեր թխելու, ձևավորելու գործում: Կարողանում է գեղեցիկ դեկորներ ստանալ, հատկապես ծաղիկներ է հմտորեն պատրաստել:
Անահիտին կյանքն ու մարդկանց վերաբերմունքն են ուժեղ դարձրել: Ինքնուրույն որոշել ու մի օր վերադարձել է Հայաստան: Մայրն ասում է՝ աղջկան այդ քայլից հետ չեն պահել, եթե ցանկացել է միջավայրը փոխել, ուրեմն անհրաժեշտ է համարել կյանքն այլ կերպ շարունակել:
Տիկին Հեղինեն հայրենիքում աղջկան մենակ թողնելու մտքից չի վախեցել: Իր եղբոր մոտ է թողել աղջկան, պարբերաբար գնացել-եկել, երկարատև նաև մնացել Հայաստանում:
Անահիտը Գյումրիում ձեռքերը ծալած չի նստել, սկսել է աշխատանք որոնել: Քայլերն աղջկան «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն են տարել: Կյանքի հենց այս փուլը թույլ լսողություն ունեցող և չխոսող աղջկա համար եղել է շրջադարձային:
«Ագաթ»-ում ժեստերի լեզու է սովորել, ինչը հնարավորություն է տվել ունենալ բացառապես նոր կյանք, շատ ընկերներ , մասնագիտություն, լուսավոր օրեր ու անգամ ճամփորդություններ:
Շեշտում է՝ ամենակարևոր ձեռքբերումն իր ինքնավստահությունն է:
«Ես հիմա կարողանում եմ այլ անձանց հետ հաղորդակցվել, մեծ շրջապատ ունեմ, շատերին եմ ճանաչում, իրենք էլ ինձ գիտեն: Կարողացել եմ մեկնել Լեհաստան փորձի փոխանակման ծրագրի, լողի եմ գնացել, հիմա նաև մասնագիտություն եմ այստեղ ձեռք բերել, կարուձև եմ սովորել: Պայուսակներ եմ կարողանում կարել, բարձեր ու տարբեր բաներ, ինչ պահանջվի»,- հպարտանում է Անահիտը:
Չնայած իր ուժեղ բնավորությանը, աղջիկը նաև շատ ընկճվել է, երբ աշխատանք գտնելու ճանապահին դժվարությունների, նաև վատ վերաբերմունքի է հանդիպել Գյումրիում:
«Ունեցել եմ ուժ, որ կարողանամ փնտրել աշխատանք: Ընկերուհուս հետ անընդհատ որոնել ենք, տարբեր տեղեր գնացել: Որ մերժում էին, եղել է՝ շատ լացել եմ, բայց շարունակել եմ փնտրել աշխատանք, որ կարողանամ առաջ քայլել»,- ասում է աղջիկը:
Հաշմանդամություն ունեցող անձի համար Գյումրիում աշխատանք գտնելն իսկապես լուրջ խնդիր է: Գործատուն, ըստ տիկին Հեղինեի, կարող է անձին մերժել նույնիսկ առանց պատճառի:
«Սկզբից պոնչիկանոցը տեղավորվեց աշխատանքի որպես պոնչիկ թխող: Մի շաբաթ գնաց, մենեջերը դուրս էր արել, թե գնա, երեսդ չտեսնիմ: Հետո մյուս տեղը տեղավորվեց հավաքարար, մի շաբաթ գնաց, էլի ասեցին թող չգա, ձեռքերը չի աշխատում, բայց եթե ձեռքերը չի աշխատում, ոնց է ինքը կարի գործ անում: Երևի էդ նույն մենեջեր կինն էր խառնվել գործին: Գնացինք «Արեգակ» ներառական սրճարան, բայց իրենք էլ հաստիք չունեին: Ռուսաստանում էլ է էս հարցը բարդ, եթե գործատերը հաշմանդամություն ունեցող մարդ է, կամ մոտ է խնդրին, կընդունի աշխատանքի, եթե չէ, չի ընդունի»:
Միայն մերժումներ ու վատ վերաբերմունք վաստակած Անահիտը սկսել է թակել տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունների դռները: Գնացել է «Լենտեքս», «Սվետեքս»: Թույլ լսողություն ունեցող և ժեստերի լեզվով խոսող աղջկան իր հարկի տակ է ընդունել «Զաքարյան ջինս»-ը:
«Մի շաբաթ գնաց, ասեցին թող սովորի, հասկանանք կարող է, թե չէ, որ վերցնենք աշխատանքի: Կարողացավ, սկսեց աշխատել, իրենից էլ շատ գոհ են, կոլեկտիվում ամենափոքրն է, իրեն սիրում են, Անահիտն էլ հաճույքով է գնում աշխատանքի: Էդ ընկերությունում ինքը ինքնավստահություն է ձեռք բերել, 1 շաբաթ չաշխատեց ու ասեին՝ թե պետք չէ, գնա: Արդեն 2-րդ ամիսն է, նորմալ աշխատում է»,- ասում է տիկին Հեղինեն:
Անահիտը հաստատում է մոր ասածը՝ աշխատավայրում շատ լավ է զգում, սիրված է, ընդունել են իրեն այնպիսին, ինչպիսին կա: Ժեստերի լեզվին գործընկերները, բնականաբար, չեն տիրապետում, բայց դա խնդիր չէ լավ հարաբերությունների ու գործնական շփումների համար: Աղջկան ընկերությունում շատ լավ են հասկանում:
«Այնտեղ բոլորն էլ խոսում են, բացի ինձնից: Եթե այլ կերպ չենք կարողանում իրար հասկանալ, ես մեկ-մեկ նաև հեռախոսով եմ փորձում դա անել: Ոչ մի խտրական վերաբերմունքի չեմ հանդիպել և ուրախ եմ այս ամենի համար: Ինձ համար աշխատում եմ և սա ինքնուրույն կյանքի հիմնական կարևոր պայմանն է»,- շեշտում է Անահիտը:
Իր պատմությունը ներկայացնելիս, Անահիտը մշտապես ժպտում է, չի սիրում, երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ տխուր են լինում, կամ ավելի են բարդացնում առանց այն էլ մարտահրավերներով լի կյանքը: Ասում է՝ միշտ պետք է կյանքին ընդառաջ քայլել՝ պատրաստ հաղթահարելու յուրաքանչյուր փորձություն ու արգելք:
Աղջիկը կարևոր խորհուրդ ունի՝ չփակվել տանը, չմեկուսանալ, փոխարենը դուրս գալ շրջապատ, դառնալ հասարակության մի մասնիկն ու աշխատել, ապրել բոլորի նման, ուժեղ լինել առավել, քան պահանջվում է և ինքնավստահ այնքան, որ կարողանաս քո տեղն ունենալ որպես անհատականություն:
Սամսոն Մատինյան
