Մաքիավելին ասում էր՝ «Ավելի լավ է քեզնից վախենան, քան սիրեն». Փաշինյանի վերջին հույսը վայրենաբարո ձերբակալություններն են
Բոլորը, այդ թվում եվրոպական դեսպաններն են նկատել, որ Հայաստանում մարդկանց ձերբակալումը, ընդ որում անկախ վերագրվող արարքների վտանգավորությունից ու աստիճանից, ուղեկցվում է ստորացումներով ու վայրենությամբ։ Նման ձևով են ձերբակալում անխտիր բոլոր ընդդիմադիրներին ու հավանաբար նաև իրական ծանր հանցագործներին, օրինակ՝ մարդասպաններին։ Վերջիններիս հավաբանար, քանի որ ընդդիմադիրների ձերբակալության կադրերը միշտ տեսնում ենք, բայց մարդասպաններինը՝ ոչ, որովհետև նրանք իշխանությունների համար որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում, ու նրանց միջոցով ուղերձ հղելու անհրաժեշտություն չկա։
Ըստ այդմ՝ կարող է հարց առաջանալ, եթե մարդը որևէ ծանր հանցանք չի կատարել, եթե ընդամենը հայհոյել է ինչ-որ պաշտոնյայի, եթե ընդամենը սուր քննադատության է ենթարկել իշխանությանը, եթե ձերբակալության ժամանակ չի դիմադրում (այլ հարց է, որ նման արարքների համար ընդհանրապես չեն ձերբակալում), ապա ի՞նչ կարիք կա այդ ձերբակալությունը վերածել շոուի, տներ ներխուժել դիմակավորված, ահաբեկել թե՛ ընտանիքի անդամներին, այդ թվում երեխաներին, թե՛ ողջ շենքի բնակչությանը։ Ի՞նչ կարիք կա մարդու ձեռքերը ոլորել, վզից բռնած կռացնել ու այդպես ստորացնելով ու վայրենավարի բերման ենթարկել, հաճախ էլ նաև «փռել» ասֆալտին ու ընդհանրապես ձեռնաշղթաներ հագցնել։
Պատճառները մի քանիսն են, այդ թվում հոգեբանական։ Նախ՝ սխալ է այն կարծիքը, որ դրանով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տպավորություն թողնել իր ընտրազանգվածի մոտ։ Նման մեթոդներով մարդկանց ձերբակալելու իրական թիրախը հասարակությունն է։ Նրա ձգտումն է վախի մթնոլորտ սփռել հանրության մոտ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարժանանա նույն «ճակատագրին», եթե իր աղոթքներում բարձրաձայն չասի, որ «Չկա Ալլահ, Ալլահից բացի ու Փաշինյանն է նրա միակ մարգարեն»։ Բացի այդ, նման ձևով մարդանց ձերբակալելն իր մեջ ունի նաև պատժիչ բնույթ, բիրտ ուժի ցուցադրություն, «իրավապահ մարմինների գործողություններ» անվան տակ մարդկանց ֆիզիկական ցավ պատճառելու ու արժանապատվությունը տրորելու հստակ նպատակ, այլ խոսքով՝ «մարդկանց ծեծել օրենքով»։
Սա յուրաքանչյուր բռնապետի անբաժան գործիքակազմն է, երբ մարդը իշխանության է գալիս ժողովրդավարության անվան տակ, այնուհետև մսխում հանրային աջակցությունը, նրա վերջին պատվարը մնում են դիմակավորվածները, ռեպրեսիաները, «պատերի տակ վնգստացող» սեփական դատավորները, քննիչները ու ինչ-որ խաժամուժ, որն ունակ է նույնիսկ պատարագի ժամանակ ծափ տալ, Եկեղեցին վերածելով մարզահամերգային դահլիճի։
Այո՛, էլի եմ շեշտում՝ Նիկոլ Փաշինյանի իրական թիրախը ավելի շատ հանրությունն է, քան ընդդիմությունը, քանի որ ինքն էլ է լավ գիտակցում, որ նման մեդոթաբանությամբ ընդդիմությանը «կոտրել» չի կարող, ուստի իրավապահ մարմինների ցուցադրական վայրենությունների նպատակը հասարակությանը տարանջատելն է քաղաքական գործընթացներից ու ընդդիմությանը մենակ թողնելը։ Հույսը՝ վախի մթնոլորտը, եթե հանրության ընդդիմադիր հայացք ունեցող ստվար զանգվածին իր կողմ չթեքի էլ, հնարավոր է գոնե հանգեցնի վերջիններիս չեզոքությանը։
Նիկոլո Մաքիավելին իր «Տիրակալը» աշխատությունում Չեզարե Բորջիային խորհուրդ էր տալիս անել հնարավորինս, որպեսզի մարդիկ վախենան իրենից. «Սերն ու հարգանքը կախված է դիմացինից, այսօր կարող են սիրել, վաղը՝ ոչ, ուստի երբ քեզ միայն սիրում են, դու դառնում ես նրանց զգացմունքների փոփոխությունների գերին։ Իսկ վախը դու ես ներշչում ու կառավարում։ Հետևաբար ավելի լավ է քեզնից վախենան, քան սիրեն»։
Կա նաև մի այլ հանգամանք ևս։ Աստվածաշնչում ասվում է. «Մի արա ուրիշ հետ այն, ինչ չես ցանկանում, որ քեզ անեն»։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հեռացել է Հայ Առաքելական Եկեղեցուց, բնականաբար գործում է Աստծո խոսքին հակառակ։ Ուրիշների հետ անում է այն, ինչ անում են իր հետ։ Թուրքերի ու ադրբեջանցիների կողմից ստորացվող իշխանությունը հոգևոր բավարարվածություն է ստանում ու ունենում փոխհատուցման զգացողություն՝ ստորացնելով սեփական երկրի քաղաքացիներին։
