Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ վաճառաքի մենեջերը Nissan-ով վրաերթի է ենթարկել գծանշումներ կատարող աշխատակցին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, նրան դեպքի վայրում իրենց հսկողության տակ են վերցրել տեղում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, իսկ Վարդան Գ․-ն, ով վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր, տեղում մահացել է:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննոթյան, եղել է սթափ:

Share This