Ղուկասյանը կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի

ԱԱԾ մեկուսարանի (պադվալի) մասին. Հարգելի հայրենակիցներ ներկայացնում եմ ապօրինի կալանքի տակ պահվող պարոն Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կարծիքը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարոհի Փոստանջյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիսանալով Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկը՝ բազմիցս փորձել եմ տեսակցել իմ բուժառույին՝ Վարդան Ղուկասյանին, սակայն անհասկանալի պատճառներով ինձ մերժել են։

Բուժառուն, ունենալով բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, զրկված է նեղ մասնագիտական բժշկական օգնությունից։

Մամուլից և սոցիալական ցանցերից տեղեկացել եմ մի ցավալի դեպքի մասին, երբ երկկողմանի թոքաբորբով հիվանդ անձը պահվել է նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է պարոն Ղուկասյանը․ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվել և հայտնաբերվել է արդեն հետզարգացման փուլում, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Քրեակատարողական հիմնարկում առկա նման բարձիթողի վիճակը խորապես մտահոգում է ինձ՝ որպես բժշկի, քանի որ Վարդան Ղուկասյանը, ունենալով բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, նույնպես կարող է մնալ անուշադրության մատնված, ինչը կարող է հանգեցնել անգամ ճակատագրական ելքի։

Վարդան Ղուկասյանի փաստաբաններից տեղեկացել եմ, որ բուժառուն փաստացի ինքնուրույն է վարում իր հիվանդությունները, ինչը կարելի է որակել որպես ինքնաբուժություն, և որը բժշկական տեսանկյունից բացարձակապես անթույլատրելի է։ Հիվանդության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը առկա են։

Կցանկանայի նաև անդրադառնալ մի փաստաթղթի, որը հրապարակվել է European Society of Cardiology-ի կողմից 2025 թվականին (տես՝ ESC Guidelines), որտեղ հստակ ներկայացված է հոգեսոցիալական սթրեսի դերը առողջության վրա։

Սոցիալական մեկուսացումը ճանաչվում է որպես հոգեսոցիալական սթրեսի առանձին ենթակետ։ Հոգեսոցիալական գործոնները, որպես ամբողջություն, համարժեք ուժգնության ռիսկի գործոններ են՝ մեր կողմից հայտնի դասական ռիսկի գործոններին։

Քրոնիկական հոգեբանական սթրեսը ուղղակիորեն կապված է սրտանոթային հիվանդությունների զարգացման և ծանրացման բարձր ռիսկի հետ։ Հետևաբար հոգեսոցիալական սթրեսի կառավարումը պետք է հանդիսանա սրտանոթային հիվանդությունների համապարփակ բուժման, առողջապահական խնամքի և կանխարգելման անբաժանելի մաս։

Ստորև ներկայացվում է համապատասխան պատկերային նյութը։

15.01.2026 թվական»։

Share This