ՀՀ դատարանների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռի որոշումները, ՀՀ Սահմանադրության խախտում է

Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։

«Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։

Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։

Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։

Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։

Share This