«Հեզբոլլան» հայտարարել է Իսրայելի դեմ հարվածի մասին՝ ի պատասխան հրադադարի խախտման
Լիբանանյան «Հեզբոլլան» առավոտյան հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի խախտման։
«Թշնամու կողմից հրադադարի համաձայնագրի խախտմանը ի պատասխան՝ «Հեզբոլլան» իրականացրել է հրթիռային գնդակոծություն Իսրայելի Մանարա կիբուցի ուղղությամբ՝ Լիբանանի սահմանի մոտ», -ասվում է «Հեզբոլլայի» հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP գործակալությունը։
Նախորդ օրը «Հեզբոլլան» հայտարարել էր, որ ունի իրավունք պատասխանել Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածներին, որոնց հետևանքով, լիբանանյան տարբեր պետական կառույցների տվյալներով, զոհվել է 182-ից մինչև 254 մարդ։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ պայմանով, որ վերջինս բացում է Հորմուզի նեղուցը նավարկության համար։ Սակայն Իսրայելը պնդում է, որ հրադադարի ռեժիմը Լիբանանի վրա չի տարածվում։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ-Բադեր Գալիբաֆը Լիբանանի վրա հարվածները անվանել է հրադադարի խախտման տարրերից մեկը և հայտարարել, որ դա անիմաստ է դարձնում ապագա բանակցությունները, որոնք պետք է անցկացվեն Պակիստանի միջնորդությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին։
