ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնասպանության նման մի բան կլինի Հայաստանի համար.Նորատ Տեր-Գրիգորյանց

«Հայ-ռուսական  հարաբերությունները գնալով նմանվում են ռուս-վրացական հարաբերություններին։ Վրացիները ատամ ցույց տվեցին, հարաբերությունները փչացան, վրացիներին սկսեցին Մոսկվայից ու ՌԴ այլ քաղաքներից վռնդել։ Իմիջայլոց այստեղ 3 միլիոն հայ է ապրում, երբ ինչ-որ բան եք խոսում կամ հայտարարում, այստեղի հայերի վրա էլ է ազդում»,-անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հայ-ռուսական հարաբերությունների հետեւողական վատարացման տանող գործընթացին, նման տեսակետ հայտնեց Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

-Չեմ ասում, որ ՀԱՊԿ-ն ամեն ինչում ճիշտ է, ոչ, այո, կան կոնկրետ սխալներ, որոնք չպետք է թույլ տրվեր ՀԱՊԿ-ի կողմից, բայց դրանք այն սխալները չեն, որոնց հետեւանքով պետք է խաչ քաշել այդ կառույցի վրա: ՀԱՊԿ-ից դուրս գալը ինքնասպանության նման մի բան կլինի Հայաստանի համար: Առհասարակ, եթե ՌԴ-ն դուրս գա Հայաստանից, ապա Հայաստանին ուղղակի կուլ կտան չորս կողմից, եթե իմանան, որ ՌԴ-ն ձեռքերը լվացրել է Հայաստանից: Կրկնում եմ, ես չեմ ասում, որ ՌԴ-ն բոլոր հարցերում ճիշտ է վարվել, այ՛ո ՀՀ-ն էլ կարող էր նեղանալ, բայց այդ ամենը պետք է լուծվի երկխսության միջոցով, ոչ թե այսօրվա վիճակին հասցնել, ես խորապես մտահոգված եմ, թե ինչ ելք կարող է ունենալ այս հարաբերությունների վատթարացումը: Այո, կան հարցեր, բայց այդ հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ, իսկ այն ինչ այսօր անում է ՀՀ-ն ՌԴ-ի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է:

Գեներալի խոսքերով.

-Հայաստանը մոռանում է, որ Ալիևի ռեժիմը 1990-ականներից ի վեր միշտ ունեցել է պլան, պատերազմի ծրագիր։ Այն բաղկացած էր Ղարաբաղը գրավելուց, Սյունիքի գրավումից, Նախիջևանի հետ կապվելուց և Երասխի ուղղությամբ Երեւանի վրա հարձակվելուց։ Ղարաբաղը գրավելուց հետո նրա ծրագրերում Սյունիքը գրավելն է։ Ուզում է Մեղրիի միջանցքը և սպառնում է Սյունիքին, եթե չստանա։ Ալիեւը զորքեր է պատրաստում։ Նա ամեն ինչ բացահայտ ասում է։ Տարածքի բռնազավթումն իրականացնելու համար սահմանին միշտ կռվով հետախուզություն է իրականացվում։ Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում, որպեսզի հետևի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի արձագանքին։ Ու այս իրավիճակում խզել կապերը միակ դաշնակցի հետ, ուղղակի խելագարություն է:

https://iravunk.com/?p=278531&l=am

 

Share This