Հայ և ռուս ժողովուրդներին գժտեցնելու համար մեծ ջանքեր են գործադրվում. Լիպովոյ
Հայ և ռուս ժողովուրդների միջև տարաձայնություն սերմանելու համար զգալի ջանքեր են գործադրվում և հսկայական միջոցներ են ծախսվում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ «Ռուսաստան-Հայաստան ժողովրդական դիվանագիտություն. փոխհամագործակցության նախապատմություն» կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության նախագահության նախագահ, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյը։
Նրա խոսքով՝ իր պատմությունը չիմացող ժողովուրդն ապագա չունի և դատապարտված է այն վերապրել նորից։ Այս համատեքստում Լիպովոյը նշեց, որ երկու ժողովուրդների միջև կապերը թուլացնելու համար փորձեր են արվում վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը:
«Մենք ունենք ընդհանուր պատմություն, որը փորձել են վերաշարադրել թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ, որպեսզի մեր երկու ժողովուրդներին իրարից անջատեն», – ասաց նա:
Այս կապակցությամբ Լիպովոյը հիշեցրեց, որ ընթացիկ տարում երկրները նշելու են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձը: Նրա խոսքով՝ հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն ուժի և խիզախության, այլև Խորհրդային Միության ժողովուրդների միասնության շնորհիվ:
«Ինտերնացիոնալ ժողովուրդը համախմբվեց և ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որն է իր ուժը», – ընդգծեց նա:
