Հայ-չինական հարաբերությունները նոր զարգացում են ստացել․ դեսպան

Հայ-չինական երկկողմ հարաբերությունների համար անցած տարին նշանակալից է եղել և նոր զարգացում են ստացել տնտեսական, գործնական համագործակցությունը, մշակութային փոխանակումներն ու ժողովուրդների բարեկամությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը չինական Նոր տարվա՝ Գարնանային տոնի առթիվ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Չինաստան՝ մասնակցելու Թիենծինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին և սեպտեմբերի 3-ի զորահանդեսին, որտեղ տեղի ունեցավ պատմական հանդիպում նախագահ Սի Ծինփինի հետ։ Երկու առաջնորդները միասին հայտարարեցին ռազմավարական գործընկերության հաստատման մասին, բացելով երկրների հարաբերությունների զարգացման նոր դարաշրջան»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ հայ-չինական համագործակցության շրջանակներում հաջողությամբ առաջ են ընթանում մի շարք նախագծեր, ինչպիսիք են՝ «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին, արևային էլեկտրակայանները, Հանրային հեռուստատեսության նոր տաղավարը և այլն։

Դեսպան Լի Սինվեյը կարևորեց նաև Ուրումչի-Երևան ավիաչվերթների հաճախականությունը, որն աճել է մինչև շաբաթական երեք անգամ: Նրա խոսքով՝ Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով։

Share This