Հայաստանը ԱԶԲ-ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասուրդը նվազեցնելու համար
Հայաստանը ԱԶԲ–ից 150 մլն դոլար վարկ կվերցնի բյուջեի 675 մլն դոլար պակասուրդը նվազեցնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։
Համաձայն կառավարության հիմնավորման, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից, գնահատվել է մոտ 675 մլն ԱՄՆ դոլար։
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից 150 մլն դոլար բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթացը։
