Համայնքների բրենդավորում և ռազմավարական հաղորդակցություն․ Երևանում կայացավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի սեմինարը
Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի շրջանակներում Երևանում անցկացվեց հաղորդակցության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման չորրորդ դասընթացը
Մարտի 9-10 -ին Երևանում անցկացվեց «Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների կարողությունների զարգացում՝ համայնքի բրենդավորումը, ռազմավարական հաղորդակցությունը, բնակչության իրազեկման և փաստերի ստուգման հմտությունները զարգացնելու միջոցով» խորագրով հաղորդակցության սեմինարը։
Այն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից կազմակերպված հաղորդակցության մասնագետների կարողությունների զարգացման չորրորդ միջոցառումն է՝ 2023 թվականից ի վեր։
Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Դաշնագրին անդամակցող 16 համայնքների շուրջ 20 ներկայացուցիչներ։
Սեմինարի բացման ողջույնի խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Սուսանա Մարտինսը, ողջունելով հաղորդակցության ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված սեմինարի մասնակիցներին, նշեց․ «Աշխարհում, որը դիմակայում է կլիմայական մարտահրավերներին, դրանց ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հստակ փոխանցվի բնակչությանը։ Որպես ձեր համայնքների ներկայացուցիչներ՝ հանձնառություն ունեք ոչ միայն հասկանալ, թե ինչքան բարդ երևույթ է կլիմայի փոփոխությունը, այլև փոխանցել այդ գիտելիքները ձեր համայնքի բնակիչներին, որպեսզի քաջալերեք նրանց համապատասխան գործողություններ իրականացնել։ Այս դասընթացի նպատակն է, որ դուք կարողանաք ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և ստեղծել դիմակայություն, ակտիվորեն մասնակցեք ռազմավարական հաղորդակցության գործընթացներում, ինչպես նաև բարելավեք փաստերի ստուգման ոլորտում ձեր հմտությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ»։
Ընդգծելով թվային հարթակների գերակայությունը՝ Սուսանա Մարտինսը կարևորեց հաղորդակցման հմտությունների զարգացումը վստահություն ձեռք բերելու, համայնքների բնակիչների իրազեկվածությունը և մասնակցությունը բարձրացնելու տեսանկյունից․ «Ռազմավարական հաղորդակցությունը շատ կարևոր է համայնքների մասնակցայնության համար, այն հնարավորություն է տալիս փոխանցել հստակ ուղերձներ, որոնք կհանգեցնեն կոնկրետ գործողությունների։ Այս ուսումնական ծրագիրն այդ հնարավորությունն ընձեռում է ձեռք բերել նոր գիտելիքներ ռազմավարական հաղորդակցության մեթոդների մասին, ինչպես կարողանալ երկխոսություն ծավալել ՝ ապահովելով, որ ձեր հաղորդակցության ուղերձները ոչ միայն լսելի լինեն, այլ իրականացվեն։ Կարևոր է փաստերի ստուգման գործիքների իմացությունը, ինչը հնարավորություն կտա դիմակայել ապատեղեկատվությանը և կեղծ տեղեկատվության տարածմանը»։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ծրագրի առաջընթացը և սեմինարի մասնակիցներին վստահեցրեց՝ սեմինարի թեմատիկան կազմվել է՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները՝ յուրաքանչյուր սեմինարի ավարտից հետո լրացվող հարցաշարի միջոցով․ «2023 թվականից ամեն տարի այսպիսի դասընթաց կազմակերպում ենք։ Երբ 2023-ին առաջին անգամ էինք կազմակերպում այս միջոցառումը, լիահույս չէինք, որ շարունակական կլինի, քանի որ մեր հիմնական ոլորտը տեխնիկական, մեթոդաբանական, ֆինանսական թեմաներն են, որոնց շուրջ շատ ենք կազմակերպում միջոցառումներ։ Ի ուրախություն մեզ՝ մասնակիցների շրջանում կատարված հարցման արդյունքում հասկացանք, որ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում այս թեման և որոշեցինք, որ պետք է դասընթացները շարունակական լինեն»։
Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է։ Միության նախագահ Արմեն Հարությունյանը ողջունելով մասնակիցներին նշեց․ «Այս տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերից մեզ պարզ եղավ՝ որևէ ծրագիր չունի տրամաբանական շարունակություն, եթե չունի հանրության կողմից ճիշտ ընկալում և բավարար աջակցություն։ Մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ համայնքների կանաչ ինքնությունն ուղղակիորեն ազդում է զարգացման հեռանկարների, ներդրումային ծրագրերի և բնակչության բարեկեցության ու վստահության վրա։ Հաճախ տեղական իշխանությունների կողմից իրականացվում են էներգախնայողության ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում բախվում են մի պատի, որը կոչվում է ապատեղեկատվություն և հանրային անտեղյակություն։ Այս սեմինարների շարքը հենց այդ մասին է՝ ինչպես համայնքը դարձնել ծրագրի ակտիվ մասնակից և տալ հմտություններ, որպեսզի համայնքներն արդյունավետ դիմակայեն մարտահրավերներին»։
Դաշնագրի ստորագրողների և շահառուների հաղորդակցության կարողությունների զարգացումը շարունակում է մնալ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ռազմավարության կարևորագույն բաղադրիչը։ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի նպատակն է Դաշնագրին անդամակցող համայնքներին աջակցել արդյունավետ անդամակցել այս նախաձեռնությանը, մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերը (ԿԷԶԳԾ), ինչը թույլ կտա ապահովել էներգետիկ ռեսուրսների խնայողություն, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում, կարողությունների զարգացում, էներգետիկ աղքատության նվազեցում ու հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը։
Ծրագիրն ունի հիմնական բաղկացուցիչներ՝ կարողությունների զարգացում, տեխնիկական աջակցություն, փորձի փոխանակում, հաղորդակցություն ու իրազեկում։
Ինչպես նախորդ տարիներին անցկացված, այնպես էլ 2026-ին Երևանում կազմակերպված հաղորդակցության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա սեմինարի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել Դաշնագիրը՝ որպես նախաձեռնություն, հզորացնել համայնքների մասնագետների կարողություններն ավելի արդյունավետ հաղորդակցության գործընթաց իրականցնելու համար՝ այդ թվում նաև կապված Դաշնագրին առնչվող խնդիրներին ուղղված հաղորդակցությունը և նպաստել Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնության՝ ավելի լայն հանրային լուսաբանմանը։
Երկօրյա սեմինարի ընթացքում մասնակիցներին հմտություններ տրամադրվեցին համայնքային կանաչ բրենդինգի, տեղական ինքնակառավարման ոլորտում կանաչ ինքնության իմիջի ստեղծման, ապատեղեկատվության դեմ պայքարի, փաստերի ստուգման, կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի, կլիմայական փոփոխություններին՝ որպես արձագանք հաղորդակցության գործիքների կիրառման, ռազմավարական հաղորդակցությանը նվիրված թեմաների վերաբերյալ։
Գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցները կիրառեցին իրենց ստացած հմտությունները բրենդինգի, հարցազրույցի տեխնիկայի և մամուլի ասուլիսների կազմակերպման հարցում։
Սեմինարի առավելագույն արդյունավետությունը և մասնակիցների կարիքներին համապատասխանությունն ապահովելու նպատակով միջոցառման թեմաները և օրակարգը որոշվել են՝ հաշվի առնելով համայնքապետարանների ներկայացուցիչների կողմից առցանց հարցման միջոցով արված առաջարկները, ինչպես նաև նախորդ դասընթացների մասնակիցների՝ հարցաթերթիկների միջոցով ներկայացված մեկնաբանությունները:
Միաժամանակ, որպես դասընթացավարներ ընտրվել էին համապատասխան ոլորտներում մեծ մասնագիտական փորձ ունեցող, ինչպես նաև լավ դասավանդման հմտություններ ունեցող մասնագետներ, ինչը նույնպես նպաստեց ներկայացվող ուսուցողական նյութերի արդյունավետ ընկալմանը:
Հիմնվելով 2023, 2024, 2025 թվականների դասընթացների փորձի վրա՝ 2026 թվականին ծրագիրը ներառել է հետևյալ հիմնական թեմաները.
Հասարակայնության հետ կապերի փորձագետ Նվարդ Մելքոնյան
Համայնքային բրենդավորում. համայնքների համար «կանաչ» ինքնության կառուցում,
Իմիջի ստեղծում և կանաչ ինքնություն տեղական ինքնակառավարման ոլորտում,
Փաստեր ստուգող լրագրող Տիրայր Մուրադյան
Գնահատում և ապատեղեկատվության դեմ պայքար, փաստերի ստուգման հիմունքներ, կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքար,
Հարցազրույցների և մամուլի ասուլիսների տեխնիկայի փորձագետ Արշալույս Մղդեսյան
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների մասին քաղաքացիների իրազեկում,
Նոր մեդիա իրականությունը և «կանաչ» օրակարգ,
Ռազմավարական հաղորդակցության փորձագետ Արտակ Շաքարյան
Ռազմավարական հաղորդակցություն OASIS շրջանակի-ի միջոցով։
Դասընթացի ավարտին մասնակիցները Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի կողմից ստացան վկայականներ։
European Union in Armenia
#CoMEast #Communication
