Կրեմլում կոչ են արել սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագրի մանրամասներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել Գազայի հատվածի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մանրամասներին։ Այսպես է նա ճեպազրույցի ժամանակ պատասխանել լրագրողների հարցերին։

«Այստեղ, հավանաբար, արժե սպասել մանրամասների, եթե մենք խոսում ենք գործողությունների հետևողական ծրագրի մասին», – ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ անկլավում ապրում է գրեթե 1 մլն 200 հազար պաղեստինցի, և հիմնական հարցն այն է, թե ինչ կլինի նրանց հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին խոստացել են խնդրի լուծում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան չգիտի Թրամփի ծրագրի մանրամասները և կոչ է արել համբերություն ցուցաբերել։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել էր, որ Միացյալ Նահանգները «հսկողության տակ կվերցնի» պատերազմից ավերված Գազայի հատվածը և կզբաղվի դրա տնտեսական զարգացմամբ այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ վայրում: Ավելի ուշ Պաղեստինի օկուպացված տարածքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը հայտարարել է, որ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու  առաջարկը հավասարազոր է էթնիկ զտումների։

Share This