Կլեոպատրայի վախճանը
Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան (Կլեոպատրա VII Ֆիլոպատոր Պտղոմեոսյան) ծնվել է մ. թ. ա. 69 թվականին՝ Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիայում։
Կլեոպատրայի մասին պատմող աղբյուրները բավականին հարուստ են․ Պլուտարքոս, Դիոն Կասիոս և շատ ուրիշներ։
Դրանցից մենք տեղեկանում ենք, որ Կլեոպատրան ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը, տիրապետել 8 և ավել լեզուների։ Եգիպտոսում կառավարել 21 տարի։
Մոտ երկու տարի նա կառավարում է երկիրը եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի հետ միասին, որի հետ նաև պսակադրված էր։ Շուտով եղբայրը վտարում է նրան պալատից։ Սակայն նրան հաջողվում է գրավել Կեսարի սիրտը և դառնալ նրա սիրուհին։ Նա համոզում է Կեսարին սպանել եղբոր խորհրդականներին և հեռացնել եղբորը պալատից, որը վախճանվում է փախուստի ժամանակ՝ Նեղոս գետն անցնելիս։
Չխզելով Կեսարի հետ իր հարաբերությունը՝ Կլեոպատրան ամուսնանում է իր կրտսեր եղբոր, Պտղոմեոս XIV-ի հետ և կրկին դառնում Եգիպտոսի թագուհին։
Մ.թ.ա. 47 թվին Կլեոպատրան Կեսարին պարգևեց մի որդի՝ Կեսարիոն անունով։ Կեսարը երբեք չօրինականացրեց իր ամուսնությունը Կլեոպարտրայի հետ, քանզի Հռոմում ուներ օրինական ընտանիք և կապը Կլեոպատրաի հետ իր քաղաքականության վրա բացասական ազդեցություն կունենար։
Կեսարի սպանվելուց հետո Կլեոպատրան ամուսնանում է Մարկ Անտոնիոսի հետ։ Վերջինս, ձախոխելով պարթևական արշավանքը, ք․ա․ 34թ․ դավադրաբար ձերբակալում է հայոց արքա Արտավազդ 2-րդին՝ Մեծն Տիգրանի որդուն, Հայաստանում թողնում հռոմեական կայազորներ, իսկ հայոց aրքայական ընտանիքը իր հետ գերի տանում Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի համար։
Անտոնիոսը քաղաք մտավ հաղթական՝ մարտակառքի վրա, նրա հետևից ոսկե շղթաներով քայլում էր Արտավազդ 2-րդը և նրա ընտանիքը, որոնց հորդորում էին խոնարհվել անբարո Կլեոպատրային և մեծարանքի խոսքեր ասել՝ ազատություն խոստանալով։ Սակայն նրանք անցան գլուխները բարձր, հպարտ՝ պատմիչի խոսքերով․ «ցույց տալով իրենց ոգու արիությունը»։
Կլեոպատրան հրամայեց նրանց բանտարկել։
Մ.թ.ա. 31-ին Ակտիումի ծովային ճակատամարտում Անտոնիուսի և Կլեոպատրայի բանակը պարտություն է կրում Օգտավիանոսի բանակից։ Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Մարկուս Անտոնիոսը ինքնասպան է լինում՝ նետվելով իր թրի վրա։
Երբ Օկտավիանոսը հասավ Ալեքսանդրիա, Կլեոպատրան դեռ ապրում էր։ Նա փորձել է սիրահետելով գերել Օկտավիանոսին, ինչը ստացվել էր Կեսարի և Մարկուս Անտոնիոսի պարագայում։ Սակայն Օկտավիանոսն արհամարում է նրան։
Կլեոպատրայի մահվան պատճառը մինչ այսօր ստույգ հայտնի չէ․ ենթադրվում է, որ նա իրեն սպանել է օձի թույնի միջոցով։ Իսկ մինչև ինքնասպան լինելը, հրամայել էր մահապատժի ենթարկել զնդանում գտնվող հայոց արքա Արտավազդին և հայոց արքայական ընտանիքը։
