Կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, առանձնազրույց է եղել Լիդյայի հետ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդյա Մանթաշյանի հետ: Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել վերջինիս:
Ուսումնասիրվել են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:
Առանձնազրույցի ընթացքում Լիդյա Մանթաշյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել: Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ: Համանման խնդիր պարբերաբար բարձրաձայնում են նաև ազատությունից զրկված այլ անձինք: Կալանքի կիրառման հետ կապված խնդիրներին մշտապես է անդրադառնում Մարդու իրավունքների պաշտպանը:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, Մարդու իրավունքների պաշտպանը՝ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը՝ այնուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին՝ հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։
