Ծննդյան օրվա նվեր․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթանակ Պիզայի դեմ խաղում

Իտալական Սերիա Ա-ի 22-րդ տուրի շրջանակում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացավ «Ինտեր» — «Պիզա» հանդիպումը։ Խաղն ավարտվեց տանտերերի՝ հոկեյին բնորոշ 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով վստահ խաղ ցուցադրեց ամբողջ հանդիպման ընթացքում և մասնակցեց թիմի գոլային տոնին։

Հանդիպման սկիզբը անակնկալ էր միլանյան ակումբի համար․ հյուրերը Ստեֆանո Մորեոյի դուբլի (11-րդ և 23-րդ րոպեներ) շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան 2:0 հաշվով։ Սակայն «ներաձուրիները» դրսևորեցին կամային բարձր որակներ և դեռ առաջին խաղակեսում ոչ միայն կրճատեցին, այլև հաշվի մեջ առաջ անցան։ 39-ից 43-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան Պյոտր Զելինսկին (11մ), Լաուտարո Մարտինեսը և Ֆրանչեսկո Էսպոզիտոն։

Երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» շարունակեցին ճնշումը։ Ֆեդերիկո Դիմարկոն և Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրին 5:2։

Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։ Ավելացված ժամանակում հայ կիսապաշտպանը գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6:2:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 52 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պիզան» 14 միավորով եզրափակում է աղյուսակը (20-րդ տեղ)։

Փետրվարի 1-ին միլանյան ակումբը կմրցի «Կրեմոնեզեի» հետ, իսկ «Պիզան» մեկ օր շուտ կհանդիպի «Սասուոլոյին»։

Share This