Խորհուրդը պետք է վերադարձնենք․ Տիգրան Դումիկյան

Խորհուրդը պետք է վերադարձնենք

Հունվարի 28-ը տարիներ շարունակ նշվում էր ոչ միայն որպես պետական տոն, այլ որպես արժանապատվության հաստատում։ Տոն, որը ապրում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս, այնտեղ, որտեղ հայ զինվորի անունը հնչում էր հպարտությամբ։ Այդ օրը կար վստահություն, կար հավատ վաղվա հանդեպ, կար Արցախ․․․

Երեկվա առավոտը սկսվեց այնպիսի զգացողությամբ, ասես ուղեղիցդ մի ծանր քար է կախված։ Եռաբլուր շտապելու միտքը սեղմում է կոկորդդ դեռ ճանապարհին։ Դեռ չհասած՝ աչքիդ առաջ են զոհված տղաների գլխիկոր հարազատները, նրանց լռությունն ու ճիչը միաժամանակ, գիտակցում ես՝ մխիթարանքի խոսքեր գոյություն չունեն, եւ լռությունն ավելի ազնիվ է, քան ցանկացած բառ։

Մենք դեռ ժամանակ կունենանք խորհելու, վերլուծելու, բայց այսօր խնդիրը շատ ավելի առարկայական է ու շատ ավելի ցավոտ։ Ինչպե՞ս ստացվեց, որ այսպես ստացվեց։ Իշխանություն, որ իր հետ բերեց աղետ։ Եկավ ու մեր ժողովրդին կանգնեցրեց անչափելի կորուստների առաջ։ Եկավ ու դարձավ այդ կորուստների պատասխանատուն, բայց այդպես էլ պատասխան չտվեց։ Եկավ ու մեր հպարտ գլուխները ամաչելու չափ խոնարհեց։ Եվ ամենասարսափելին՝ դեռ ուժ է գտնում իր մեջ մեզ համոզելու, թե այդ ամենը «ճիշտ» էր, «այլընտրանք չուներ», «անխուսափելի էր»։

Այս իշխանությունը ջարդեց Զինված Ուժերի ողնաշարը։ Վստահության փոխարեն՝ վախ մատուցեց, դիմադրության փոխարեն՝ անվերջ զիջում, հավատքի փոխարեն՝ սեփական ուժերին չվստահելու վտանգավոր թեզեր։ Բանակը, որ տարիներ շարունակ եղել էր մեր անվտանգության, մեր պետականության սյունը, փորձվեց դարձնել մեղավոր, թուլացած, անզոր։

Եվ հիմա նույն ձեռագրով, նույն բառապաշարով, «նախընտրական խաղաղության» քաղցր խոստումներով և «26 տոկոս ինքնիշխանության» նվաստացնող ակնկալիքով, փորձում են ավարտին հասցնել մեր երկրի ապամոնտաժման վերջին ակտը։

Հետևաբար հունվարի 28-ը այլևս պարզապես տոն չէ։ Այն պետք է դառնա ինքնաերդման օր, որ յուրաքանչյուրս պարտավոր է զինվորական կարգապահությամբ մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին և իր վճռական «ոչ»-ը ասել այն իշխանությանը, որը տոնը վերածեց ողբի, հաղթանակը՝ պարտության, հպարտությունը՝ նվաստացման։

Հանուն մեր լույս դարձած տղաների, հանուն մեր փառապանծ բանակի, հանուն մեր հզոր ու արժանապատիվ ժողովրդի՝ Հայաստանի վերածնունդն անկասելի է։ Քանի որ վախկոտ և թույլ իշխանությունը չարիք է, որը ծնում է ավելի մեծ չարիքներ։ Եվ այդ շղթան կտրելու պահը շատ մոտ է»։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

Share This