Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը.

Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց Եպիսկոպոսաց ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Հիշեցնենք, որ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հավաքից հետո ՀԱԵ 25 եպիսկոպոսներ հայտարարությամբ խոր մտահոգություն հայտնեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների առնչությամբ, կոչ արեցին ՀՀ իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին։

Մեր տեղեկություններով՝ Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց՝ զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թեմի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան, եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, «դարձ ի շրջանս» է արել։ Եպիսկոպոսները նաեւ հորդորել են «խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ» եւ խնդիրներն արծարծել ու լուծել բացառապես ներեկեղեցական ատյաններում։ Ինչու ութ, քանի որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոսն արդեն կարգալույծ է արվել»:

Share This