Խնդրահարույց մաշկ. ինչպե՞ս լուծել ցանի հարցը եւ առողջացնել դեմքը. խորհուրդներ կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանից
Յուրաքանչյուր կին երազում է առողջ մաշկի մասին, բայց երբ դեմքին ցան է հայտնվում, կարմրություն կամ ճարպոտ փայլ, վստահությունը պահպանելն ավելի է բարդանում։ Խնդրահարույց մաշկը պահանջում է ոչ միայն հատուկ խնամք, այլեւ համբերություն։ Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը պատմում է, թե ինչու է այդքան կարեւոր հասկանալ խնդիրների պատճառը, եւ ինչպես համակողմանիորեն մոտենալ բուժմանը։
Ճանապարհի սկիզբը. պարզեք ձեր մաշկի տեսակը
Ցանկացած խնամք սկսվում է այն ընկալումից, թե որ տեսակին է պատկանում ձեր մաշկը։ Դա կարեւոր է, որպեսզի ճիշտ ընտրեք միջոցները.
– Յուղոտ մաշկը ամենից հաճախ է տառապում պզուկներից եւ խցանված ծակոտիներից:
– Չոր մաշկը կարող է ջրազրկվել եւ հակված լինել գրգռման:
– Կոմբինացված մաշկը տարբեր հատվածների նկատմամբ հատուկ մոտեցում է պահանջում։
– Նույնիսկ նորմալ մաշկը կարող է ցան ունենալ, եթե պատշաճ խնամք չիրականացվի:
Սակայն մաշկի հետ կապված խնդիրները միայն դրա տեսակի հետ չեն կապված։ Հաճախ ցանը եւ կարմրությունը կապված են ներքին գործոնների հետ՝ հորմոնների, սննդի կամ սթրեսի։
Ի՞նչն է մաշկի խնդիրներ առաջացնում։Հորմոններ. դեռահասությունը, հղիությունը, դաշտանադադարը կամ հորմոնալ անհավասարակշռությունը հաճախ հանգեցնում են պզուկների՝ ակնեի:
2. Վատ սնունդ. քաղցրավենիքը, յուղոտ եւ տապակած մթերքները կարող են բորբոքում առաջացնել։
3. Խնամքի բացակայություն. սխալ միջոցների օգտագործումը կամ հիմնական խնամքի անտեսումը (օրինակ՝ մաքրումը) կվատթարացնի մաշկի վիճակը:
4. Սթրես եւ քնի պակաս։ Մշտական լարվածությունը եւ քնի պակասը ազդում են մաշկի վրա. առաջանում են գունատություն եւ բորբոքում։
Ինչպե՞ս խնամել խնդրահարույց մաշկը
Խնդրահարույց մաշկի խնամքը պահանջում է ոչ միայն ճիշտ միջոցներ, այլեւ կարգապահություն։
Մաքրում. առանց դրա անհնար է
Առավոտյան եւ երեկոյան օգտագործեք նուրբ մաքրող միջոցներ: Խուսափեք օճառից եւ ալկոհոլ պարունակող տոնիկներից՝ մաշկը չորացնելուց խուսափելու համար: Շաբաթը մեկ անգամ խորապես մաքրեք ծակոտիները՝ օգտագործելով կավե կամ ածխե դիմակներ։
«Մի չարաշահեք մաքրումը: Դեմքը շատ հաճախ լվանալը կարող է ավելի շատ ճարպի արտադրման տեղիք տալ»:
Խոնավեցում. անգամ յուղոտ մաշկին այն անհրաժեշտ է
Յուղոտ մաշկը նույնպես խոնավացման կարիք ունի։ Ջրազրկված մաշկը ավելի շատ ճարպ է արտադրում՝ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Ընտրեք թեթեւ գելեր եւ հեղուկներ, որոնց վրա նշված է՝ «ոչ կոմեդոգեն»: Գիալուրոնաթթվով միջոցները կօգնեն մաշկը հագեցնել խոնավությամբ՝ առանց ծակոտիները խցանելու:
Կետային օգնություն. պայքարում ենք բորբոքումների դեմ
Տեղային ցաների դեպքում օգտագործեք սալիցիլաթթու կամ ցինկ պարունակող միջոցներ: Դրանք թեթեւացնում են բորբոքումները եւ չորացնում պզուկները: Եթե պզուկները խորն են, դիմեք կոսմետոլոգի։ Մասնագետը կընտրի պրոֆեսիոնալ միջամտություններ, ինչպիսին են քիմիական պիլինգը կամ լազերային բուժումը:
Ճիշտ սնվելը. գեղեցկությունն սկսվում է ներսից
Դիետան կարեւոր դեր է խաղում մաշկի առողջության համար։
– Նվազեցրեք շաքարի, ֆաս ֆուդի եւ յուղոտ սննդի օգտագործումը:
– Ձեր սննդակարգում ավելացրեք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ՝ բանջարեղեն, հատապտուղներ, խոտաբույսեր:
– Մի մոռացեք օմեգա-3 ճարպաթթուների մասին՝ դրանք նվազեցնում են բորբոքումները:
Կարեւոր է՝ մաշկի բուժումն անհնար է առանց սննդակարգում փոփոխություններ կատարելու։ Դա հաջողության գլխավոր գործոններից մեկն է։
Համբերություն եւ կանոնավորություն
Խնդրահարույց մաշկի բուժումը արագ գործընթաց չէ։ Նվազագույն դասընթացը 6 ամսից մինչեւ մեկ տարի է։ Կարեւոր է կանոնավոր կերպով հետեւել ձեր մաշկի խնամքի ռեժիմին, նույնիսկ եթե արդյունքներն անմիջապես տեսանելի չեն:
Արմինեն ընդգծում է. «Շատերը կիսատ են թողնում բուժումը՝ անմիջապես արդյունք չտեսնելով։ Սակայն առողջ մաշկ ձեռք բերելը ժամանակ եւ համակարգված մոտեցում է պահանջում»:
Մասնագիտական միջամտություններ խնդրահարույց մաշկի համար
Եթե տնային խնամքը հաջողության չի բերում, կոսմետոլոգը կարող է առաջարկել ավելի խոր մեթոդներ.
– Ուլտրաձայնային մաքրում. մաքրում է ծակոտիները եւ նվազեցնում բորբոքումը:
– Քիմիական պիլինգ. հեռացնում է մաշկի վերին շերտը՝ բարելավելով նրա հյուսվածքն ու գույնը։
– Մեզոթերապիա. սնուցող կոկտեյլներ մաշկի խոր վերականգնման համար:
– Լազերային բուժում. օգնում է հաղթահարել ակնեն եւ հետակնեն:
Խնդրահարույց մաշկը դատավճիռ չէ, այլ ձեր մարմնի ահազանգն այն մասին, որ նա օգնության կարիք ունի: Բուժումը ժամանակ կպահանջի, բայց պատշաճ խնամքի, սննդակարգին հետեւելու եւ մասնագիտական աջակցության դեպքում անպայման արդյունք կլինի: «Գեղեցիկ մաշկը կախարդանք չէ, այլ խնամք սեփական անձի հանդեպ: Գլխավորը ձեր ժամանակն է եւ գործընթացին վստահելը: Ինտեգրված մոտեցումը միշտ լավագույն արդյունք է տալիս»,- ամփոփել է Արմինե Աղաջանյանը։
