Լոռու մարզում 11-ամյա տղա է մահացել. երեխայի ծնողները մեղադրում են բժիշկներին
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Տաշիրի բնակիչ, 11-ամյա Գագիկ Ա.-ն է, ով հիվանդանոցում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմաբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
