Լոռի բերդում պեղումների ժամանակ հայտնաբերվել է միջնադարյան ճանապարհ

Լոռե բերդաքաղաքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) 2025 թ. իրականացրած փրկարարական-հետախուզական պեղումները բավականին հետաքրքիր և լուրջ արդյունքներ տվեցին։

Կենտրոնից Ambion.news–ին հայտնում են, որ վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակ պեղվել և ուսումնասիրվել է երկրորդ (արքայական) բաղնիքի լողասրահի՝ ձորին հարող հատվածը, որը, ձորի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր։ Այստեղ բացվել են պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։ Գտնվել են մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղեն, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը։

Հետաքրքիր էին պեղումները նաև պարսպի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարսպի կենտրոնում, մոտ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի մուտքի պեղումները, որի արդյունքում այն բացվել է գրեթե իր ամբողջ լայնությամբ, ինչը կնպաստի վերականգնման նախագծի ավելի ճշգրիտ կազմելուն։

Հատկապես ուշագրավ են պեղումները պարսպի մուտքի մոտ, որտեղ հետախուզական աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել միջնադարյան ճանապարհ՝ շարված սալաքարերով, տապանաքարերով, ինչպես նաև այդ ճանապարհի եզրաքարերը, որտեղ նույնպես օգտագործված են մեծ թվով զանազան կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ։

Share This