Իրավական ի՞նչ քայլեր են արվում Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար․ մեկնաբանում է միջազգային իրավունքի մասնագետը

Անցնող շաբաթ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ  կոչ արեց Ադրբեջանին, որ  վերջինս հարգի Լեռնային Ղարաբաղից կալանավորներին առնչվող իրավիճակի վերաբերյալ պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը կնպաստեն ընդհանուր խաղաղ գործընթացին: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հորդորեց Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար:

Այս անգամ զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը վերջերս հայտնեց խոշտանգումների մասին և դիմում ներկայացրեց  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին: Ակնհայտ է, որ խոշտանգումների են ենթարկվում նաև բոլոր հայ բանտարկյալները: Ձեր գնահատմամբ, այդ դիմումը կարո՞ղ է որևէ արդյունք տալ կամ   ինչ-որ առումով հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների շարունակությունը զսպող դեր ունենալ:

Դա իրավական գործընթաց չէ, դա ավելի շատ մշտադիտարկման մոնիթորինգային գործընթաց է, որը սակայն ապացուցողական մեծ նշանակություն ունի․ այսինքն՝ այդ գործընթացի արդյունքում ամրագրված տվյալը դառնում է ապացույց արդեն դատական գործընթացների համար: Ռուբեն Վարդանյանի կալանքից միայն մի քանի ամիս անց եթե ձեռնարկվում են գործընթացներ, ուրեմն իրավիճակը ծայրահեղ վատ է կամ այլևս որևէ հույս չկա։

Օրինակ` վերցնենք այն, որ  Ադրբեջանում կալանքը չորս ամիս է (ընդ որում՝ խափանման միջոցի վերջին երկարացումը եղավ հինգ ամսով-խմբ), այս ժամկետն ինքնին արդեն իսկ Եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Նախարարների կոմիտեն ունի հանձնարարական, իսկ դա քաղաքական փաստաթուղթ է՝ իրավական ստանդարտների հիման վրա կայացված, որտեղ ասվում է, որ սովորաբար կալանքի յուրաքանչյուր ժամկետը պետք է մեկ ամիս լինի, ամենաշատը՝ երկու ամիս։ Ադրբեջանը վաղուց է արդեն չորս ամիս է սահմանել, ինչն ինքնին հակասում է կոնվենցիային:

Այն, ինչը հիմա արվում է, միջազգային հետաքննության մեխանիզմ է։ Իհարկե, այդ մեխանիզմն ավելի արագ է աշխատում, քան դատական գործընթացը։ Իմ կարծիքով՝ այստեղ փաստաբանների նպատակն է եղել նաև հրատապությունը․ այս իմաստով ես կարծում եմ, որ ճիշտ են վարվել։  Այստեղ հարց դրված չէ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելը, հարցը դրված է՝ գոնե նրա նկատմամբ ճնշումները չլինեն, այսինքն՝ հակակշիռներ ստեղծվեն։

-Անցած շաբաթվա ընթացքում՝ ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս անդրադարձան թեմային: Ընդ որում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին  կոշտ արձագանքեց Բորելի հայտարարությունը, որը շատ հստակ պահանջ էր ներկայացնում: Փոխարենը՝  պաշտոնական Երևանի համար այդ հարցը կարծես առաջնայինների թվում չէ, կամ առնվազն հրապարակային մակարդակով տպավորությունն այդպիսին է: Այս իրավիճակում արդյոք ճիշտ չէ՞, որ Հայաստանը հստակ հանդես գա որպես Բաքվի բանտում պահվող իր քաղաքացիների պաշտպանության պահանջատեր:

Հայաստանի Հանրապետությունը ժամանակ առ ժամանակ այդ մասով հայտարարություն անում է։ ՀՀ կառավարությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, թե ինչու պետք է այս հարցում պրոակտիվ չլինել, կամ ծայրահեղ ջանասիրություն չցուցաբերել, դրա փոխարեն պետք են մասնավոր խմբեր, որոնք կօգնեն Հայաստանի Հանրապետությանը՝ իրավապաշտպան խմբերը, փաստաբանները, լոբբիստական խմբերը, որովհետև նրանք արտահայտվելու առումով ավելի անկաշկանդ կարող են լինել, քան ՀՀ որևէ հանրային ծառայող․ օրինակ՝ նախարար կամ փոխնախարար և այլն։ Կարծում եմ՝ դա առավել արդյունավետ կարող է լինել։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անտարբեր մնալ իր քաղաքացիների նկատմամբ։ Այլ բան է, որ բազմաթիվ գործոններից ելնելով կարող են կաշկանդված լինել։

Share This