Իրանի փոխնախագահը հանել է թեկնածությունը նախագահական ընտրություններից

Իրանի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հայտարարել է, որ հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ի իր էջում:

«Հեղափոխության ուժերի միասնությունը պահպանելու և Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհրդի խնդրանքին ի պատասխան ես հրաժարվել եմ շարունակել ճանապարհը և հուսով եմ, որ իմ երեք եղբայրները կօգտվեն հնարավորությունից՝ միավորվելու և հզորացնելու հեղափոխության շարժումը»,- ասվում է ուղերձում։

Ղազիզադե Հաշեմիի խոսքով՝ այժմ իր պարտականությունն է «պահպանել երկրի շահերը»:

Իր հայտարարության վերջում նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին, համախոհներին, նախընտրական շտաբի անդամներին և հույս հայտնել, որ երկիրը կշարունակի մահացած նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրած քաղաքական գիծը։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած 80 անձից Սահմանադրության պահապանների խորհուրդն ընտրել է միայն վեց թեկնածուի, որոնցից մեկը Իսլամական Հանրապետության փոխնախագահ Ղազիզադե Հաշեմին էր։

Մայիսի 19-ին Իրանի հյուսիսում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է նախագահ Ռաիսին: Նրա հետ եղել են արտաքին գործերի նախարարության ղեկավարը և Իսլամական Հանրապետության կառավարության մի շարք պաշտոնյաներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

 

Share This