Իրանական դիմադրության դասերը․ Տիգրան Կարապետյան
Դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի Իրանի դեմ սանձազերծված պատերազմը ու ինչպիսի հետևանքներ կունենա այն Իրան պետության ու նրա ժողովրդի համար, բայց արդեն իսկ ռազմագիտական առումով լուրջ ուսումնասիրության նյութ կա:
Պատերազմի 32 օրերը ցույց տվեցին, որ իրանական Գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման մակարդակը գերազանցում է ամերիկյանին, ու սա արդեն փաստ է:
Երբ Իրանը հայտարարում էր, որ պատրաստ է ցանկացած սցենարի՝ մեր «հզոր փորձագետները» մեզ ասում էին՝ (իհարկե, ոչ առանց գրանտների) իրանական ռեժիմը փլուզման եզրին է:
Հոգևոր առաջնորդի սպանությունը ավելի համախմբեց երկիրը:
Քառասուն տարի բոլոր հնարավոր ու անհնար միջազգային սանկցիաների տակ ապրող երկրի ռազմարդյունաբերությունը փաստի առաջ է կանգնեցրել աշխարհի թիվ 1 գերտերությանը և իր՝ արհեստական բանականությամբ պլանավորված ու մի քանի օրում Թեհրանը գրավելու ծրագրերով Պարսից ծոց եկած բանակին՝ հարյուրավոր գերժամանակակից ինքնաթիռներով, ավիակիրներով, սուզանավերով, հազարավոր թևավոր ու բալիստիկ հրթիռներով, գերհզոր հետախուզական միջոցներով, հարյուրավոր արբանյակներով, որոնք օնլայն ռեժիմով հետևում են Իրանի ամբողջ տարածքին:
Երբ իրանական ընկերությունները ցուցադրում էին իրենց ԱԹՍ-ներն ու հրթիռները, երբ ցուցադրում էին սեփական արտադրության ՀՕՊ միջոցները, որոնք ունակ են խոցել «անխոցելի» ամերիկյան կործանիչներ, երբ նրանց ինժեներները հայտարարում էին, որ ստեղծել են հիպերձայնային հրթիռներ …. «փորձագետները» անլուրջ խաղալիքներ էին համարում այդ ամենը:
Դեռ ոչինչ ավարտված չէ, բայց Իրանը ապացուցում է՝ եթե նպատակը հայրենիքի պաշտպանությունն է՝ անհնարին ոչինչ չկա, նույնիսկ եթե քեզ վրա է հարձակվել աշխարհի թիվ մեկ գերտերությունը:
Օր 32′ իրանական դիմադրությունը շարունակվում է…
Տիգրան Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր
