Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավը
Իսրայելական ուժերը փետրվարի 19-ի գիշերը ռմբակոծություն են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Բինթ Ջբեյլ շրջանի Յարուն բնակավայրի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նաև թիրախավորվել է երկրի հարավում գտնվող Թաբնա բնակավայրը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Telegram ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող մի քանի տարածքներում։
Համաձայն հաղորդագրության՝ հարվածների թիրախում են հայտնվել զենքի պահեստներ, հրթիռային կայաններ և ռազմական օբյեկտներ, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է Իսրայելի բանակի և Իսրայելի Պետության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։
«Այս ենթակառուցվածքային օբյեկտների առկայությունը խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը։ ԻՊԲ-ն կշարունակի գործել՝ Իսրայելի Պետության դեմ ցանկացած սպառնալիք վերացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։
2024 թ. նոյեմբերի վերջին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը հազարավոր խախտումներ է կատարել, որոնց հետևանքով հարյուրավոր լիբանանցիներ են զոհվել և վիրավորվել, ինչպես նաև լայնածավալ նյութական ավերածություններ են արձանագրվել։
Բացի այդ իսրայելական բանակը, չնայած հրադադարի համաձայնագրին, մասամբ է դուրս եկել Լիբանանի հարավից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
