Ինչ փոփոխություններ է հարկավոր անել սննդակարգում անոթների առողջությունը պահպանելու համար

Անոթներն առողջ և առաձգական պահելու համար անհրաժեշտ է խուսափել մեծ քանակությամբ խոլեստերինից, որով հարուստ է կենդանական ծագման ճարպային մթերքը, և ուտել սրտանոթային համակարգի համար օգտակար սննդամթերքի տեսակներ։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ելենա Զյաբլովան։

«Անոթների ամրապնդման համար հարմար է վիտամին C-ով հարուստ մթերքը։ Բացի այդ, սննդակարգում թրթնջուկ, հնդկաձավար, լոբի ու ձուկ ներառելը ևս շատ օգտակար է։ Հնդկաձավարը և այլ հացահատիկներն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ ձուկը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնքն օգտակար են սրտամկանի, արյունատար անոթների և ոսկրային հյուսվածքի համար։ Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել ավոկադոյին, քանի որ այն նվազեցնում է խոլեստերինային վահանիկների առաջացման վտանգը, ինչը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել հատապտուղներ, որոնք տոնուս են հաղորդում սրտամկանի աշխատանքին։ Դրանց շարքին են դասվում լոռամիրգը, հապալասը, ազնվամորին ու ելակը»,- նշել է բժիշկը՝ ընդգծելով, որ հատպտուղները կարող են լինել նաև սառեցված։

Միևնույն ժամանակ Զյաբլովան շեշտել է, որ ճիշտ համամասնությամբ խոլեստերինը կարող է օգտակար լինել, քանի որ ամրացնում է անոթների պատերը։

«Կարելի է ուտել խաշած հավկիթ, քանի որ դրանում որոշակի քանակությամբ խոլեստերին է պարունակվում։ Սակայն այն ևս խորհուրդ չի տրվում չարաշահել․ թույլատրվում է շաբաթական 2-3 անգամ երկուական հավկիթ ուտել», – եզրափակել է նա։

Share This