Ինչպես են սեռական կյանքի խնդիրներն անդրադառնում ներընտանեկան հարաբերությունների վրա․ պարզաբանում է սեքսոպաթոլոգը
Առողջ ու ակտիվ սեռական կյանքը ոչ միայն շատ լուրջ ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա, այլև կարող է ազդել զույգի ներընտանեկան հարաբերությունների վրա և անգամ վտանգել ընտանիքի գոյությունը։ Tert.am Medicine-ն այս հարցի շուրջ զրուցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչու են ինտիմ կյանքի խնդիրներն այդքան վտանգավոր ընտանիքի գոյության համար:
Բժշկի խոսքով՝ ընտանեկան վեճերի ճնշող մեծամասնությունը և սառնությունը հարաբերություններում այս կամ այն կերպ կապված են զուգընկերների ինտիմ կյանքի հետ: Ավելին՝ սիրային և ընտանեկան հարաբերությունների վատթարացման և ինտիմ ոլորտի միջև այդ կապը կարող է լինել ուղղակի կամ միջնորդավորված:
«Ուղղակի կապը այն է, երբ տղամարդը կամ կինը բացահայտ զայրացած է իր զուգընկերոջ վրա, մասնավորապես, այն պատճառով, որ կինը/ամուսինը հրաժարվում է ինտիմ մերձեցումից, առաջարկում է անընդունելի սեռական կյանքի ձևեր կամ հազվադեպ և դժկամորեն է համաձայնվում մտերմության: Անուղղակի կապը մտերմության և հարաբերությունների վատթարացման միջև այն է, երբ զուգընկերներն ընդհանուր առմամբ լավ են իրար հետ շփվում և նրանցից մեկը նույնիսկ չի էլ գիտակցում, որ իրենք որոշակի խնդիրներ ունեն սեռական ոլորտում և իրենց ինտիմ կյանքի առկա մակարդակն իրականում իրական չէ և ապահովում է միայն մեկի կարիքները», – նշեց մասնագետը՝ հավելելով, որ այս ամենի արդյունքում տղամարդը կամ կինը դառնում են հոգեբանորեն լարված, նյարդայնացած և դյուրագրգիռ։ Ավելին՝ երբեմն անգամ զուգընկերները չեն հասկանում՝ ինչու է դա տեղի ունենում՝ չգիտակցելով, որ պատճառը սեքսուալ ոլորտի հետ կապված խնդիրներն են և սեռական բավարարվածության բացակայությունը:
Ինչպես նշում է մասնագետը, տղամարդկանց և կանանց կեսից ավելին գնահատում են իրենց սեռական կյանքը կանոնավոր զուգընկերոջ (ամուսնու կամ կնոջ) հետ որպես անբավարար սեռական լիակատար բավարարվածություն ստանալու համար։
«Դրանով է բացատրվում, թե ինչու են այդքան շատ սիրային և ընտանեկան դավաճանություններ տեղի ունենում, քանի որ շատ տղամարդիկ և կանայք չեն կարողանում լիարժեք սեռական բավարարվածություն ստանալ իրենց արդեն իսկ գոյություն ունեցող սիրային և ընտանեկան հարաբերություններում», – եզրափակեց բժիշկը:
