ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ԵՆ

Չթխված հացը

Գյումրու գյուղատնտեսական քոլեջ։ Գոհարը՝ ավելը ձեռքին՝ սենյակից սենյակ

անցնելով, հազը զսպելով, պատմում է ընտանիքի մասին։ Արցախից է՝

Նորագյուղից։ Հենց առաջին նախադասությունից հուզվում է։

Հազախառն արցունքներ։ Պատերազմից հետո է ձեռք բերել կոկորդի ցավն ու հազը։ Բժիշկներն ասում են՝

հուզական ֆոնից է։

Զրույցը չի ստացվում։ Ձայնը, ձեռքերիս հետ համահունչ, դողում է։ Փորձում է զսպել՝ ի վիճակի չէ։ Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ պինդ լինել, սառնություն ցուցաբերել, մխիթարել… բայց, ինչպես միշտ, չդիմացա։

Իրար աչքերի ենք նայում։ Փորձում ենք մեզ հավաքել։ Մի քանի անգամ ջանք

գործադրելուց, տասնյակ անգամներ կմկմալուց, կոկորդում խրված ու կուլ չգնացող չոր հացի կտորը արցունքաջրով կերակրափող կոչվող Լաչինի միջանցքով դուրս շպրտելուց հետո, մի կերպ կարողանում ենք շարունակել։

Նորագյուղում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում։

Ամուսինն ու որդին պայմանագրային զինծառայողներ էին։

2020-ի 44-օրյայի ժամանակ հարսին, թոռանը և աղջիկներին ուղարկել էր

Հայաստան, իսկ ինքը մինչև վերջին պահը մնացել գյուղում։ Ամուսնուն ու որդուն

չէր կարող թողնել ինչ է թե իր կյանքն է փրկում։

2023-ի բլոկադան Գոհարի ընտանիքի համար համեմատաբար թեթև էր

անցնում։ Գյուղում ամեն ինչ ունեին։ Ձեթն ու շաքարավազն էր դժվար գտնվում.

Ստեփանակերտ էին գնում, մսի ու բանջարեղենի հետ փոխանակում։

Սեպտեմբերի 18-ին ամուսինը մեշոկով ցորենը տարել էր աղալու։

Գոհարը գիշերը խմորը հունցել էր՝ առավոտյան հաց պիտի թխեր։ Բայց այդ

խմորը… այդպես էլ հաց չդարձավ։

Համար մեկ տվեցին։ Ամուսինն ու տղան պոստեր բարձրացան։ Գյուղում մնալը

անվտանգ չէր։ Գյուղապետը հայտարարեց՝ երեք-չորս օրվա սնունդ վերցնեն

ու տաք շորեր։ Գյուղացիներին տարհանեցին Խոջալու։ Հինգ օր քնեցին սառը

բետոնե հատակին, իսկ հետո… ասացին՝ ՎԵՐՋ։

Արցախից դուրս գալը շատ դաժան էր։ Գյուղացի մարդիկ էին՝ տունը լիքը

բանջարեղեն, միրգ ու միս… իրենք՝ սոված ու ծարավ, երկու օր ճանապարհ եկան։

Իրենք հեչ, մի մատ թոռան աչքերին ո՞նց նայեին, ո՞նց հասկացնեին, որ

պետք է դիմանալ։

Անցան Հակարիի կամուրջը, մտան Հայաստան։ Ճանապարհին երիտասարդներ

էին կանգնած. մեքենաների պատուհաններից՝ աչքերն արցունքոտված, դեմքներին շինծու անհոգություն, պահի կարևորության բեռան տակ ճկված երիտասարդ մեջքները 85 ամյա պապիկների նման կորացրած, տոպրակներ էին փոխանցում ՀՀ

մտած արցախցիներին՝ Կոլա, վաֆլի, կոնֆետ, հաց, երշիկ…

Իրենց տունը լիքը,

ստամոքսները՝ դատարկ։ Չկարողացան ուտել։

Կուլ չգնաց։

Հարցիս՝ «Ի՞նչն էր ամենադժվարը», պատասխանում է՝ հոգեբանականը։ Շատ

ծանր ու ընկճված վիճակում էին, ու եթե չլիներ գյումրեցի հոգեբան Օլգա

Ջավադյանը, դժվար թե կարողանային հաղթահարել իրենց հետ կատարվածը։

Երևի կմնան Գյումրիում։ Պետության

կողմից տրամադրվող սերտիֆիկատով պիտի տուն գնեն, բայց ինչ տուն էլ որ

մտնում են՝ էն չէ։

— Ես մեր գյուղի անհարթ պատերն ըմ ուզում… մեր հյաթը, թոռանս շաղ տված

խաղալիքները, մեր բոստանը, մեր կովերն ու հավերը… Օզում ըմ քինամ, իմ

հունցած ու կեսատ թողած խմորովս հաց թխիմ:

Share This