Թիվ 76 դպրոցին հարակից տարածքից 13–ամյա տղա է դանակահարված վիճակում տեղափոխվել հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։
Պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 13-ամյա Հ․ Ն․-ն է։
Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում նստած, ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում, ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է Հ․ Ն․-ի աջ ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Հ․-ն։
