Երբ թատրոն գնալը դառնում է թրենդ, իսկ դահլիճները՝ լեփ-լեցուն. Երևանի Շեքսպիրյան փառատոնը փակվեց «Ամառային գիշերվա երազ»-ով
Շեքսպիրյան շնչով, թատերական կյանքի հանդեպ ակտիվ հետաքրքրությամբ ու լեփ-լեցուն դահլիճներով այս տարի 17-րդ անգամ Երևանում իրականություն դարձավ Շեքսպիրյան փառատոնը, որն անցկացվեց «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով: Փառատոնի փակումը կայացավ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Կարո Բալյանի բեմադրությամբ «Ամառային գիշերվա երազ» ներկայացմամբ, որը խաղացին Սանկտ Պետրբուրգի Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները:

Կարո Բալյանը, որը նաև փառատոնի տնօրենն է, ուրախությամբ ընդգծում է, որ Շեքսպիրյան փառատոնը տարեցտարի ավելացնում է հետաքրքրությունը թատերական աշխարհի նկատմամբ, ինչի վառ ապացույցը մարդաշատ դահլիճներն էին:

«Կարծում եմ՝ այս տարվա փառատոնը շատ լավ անցավ, մեզ հաջողվեց բազմաթիվ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել դեպի թատերական աշխարհ, քանի որ փառատոնի շրջանակում հյուրընկալեցինք շատ կարևոր թատրոններ, հայտնի դեմքերի ու առաջատար թատերական դպրոցներ, ինչը և փառատոնի նպատակն է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Կարո Բալյանը: Խոսելով ներկայացումների շուրջ մարդկանց հետաքրքրության աճի մասին՝ Բալյանը հիշեց. «Եղել են տարիներ, երբ դահլիճներում, գուցե, լինեին որոշ դատարկ աթոռներ, սակայն այս տարի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ուսանողները հաճախ ոտքի վրա էին մնում. դա, մի կողմից, ուրախացնում էր, մյուս կողմից՝ իհարկե կցանկանայինք, որ բոլորն էլ կարողանային նստած վայելել ներկայացումները: Բայց գնալով պետք է այնպես անենք, որ հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ էլ ավելի մեծանա, թատերական կյանքն աշխուժանա և համագործակցությունները մյուս երկրների թատրոնների հետ շարունակական լինեն»:

«Ամառային գիշերվա երազ» ներկայացումը, Կարոյի խոսքով, իր աշխատանքը ցուցադրելու համար չի ընտրել: Այն ավելի արժեքավոր նշանակություն ունի ռեժիսորի համար, քանի որ համագործակցություն է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի հետ, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ: Կարոն նշում է՝ սա այն դեպքն է, որ կարծում է՝ երաժշտությունը գերազանցում է ներկայացմանը:

«Որոշեցինք, որ փակումը պետք է լինի հենց այս ներկայացմամբ, որովհետև դրա շուրջ աշխատել ենք կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի հետ, ով, ցավոք սրտի, անցած տարի դժբախտ պատահարի զոհ դարձավ: Ես ցանկանում էի անպայման այս ներկայացումն իրականություն դարձնել և, վերջապես, այն կյանքի կոչվեց»,-հավելեց նա:


Այս տարվա Շեքսպիրյան փառատոնն այլևս պատմություն է, և այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը շարունակում է մնալ կենդանի, շնչող թատերական կենտրոն․ մի վայր, որտեղ դասականության ջերմությունը հանդիպում է ժամանակակից բեմարվեստի նոր շնչին։ Լեփ-լեցուն դահլիճները և տարբեր երկրներից ժամանած թատերական հյուրերը վկայում են՝ փառատոնը միայն ավանդույթ չէ, այլ մշակութային սիրտ, որն ամեն տարի նոր ռիթմով է բաբախում:


