ԵՎՐՈ-2024. Իտալիան զրկեց Խորվաթներին փլեյ-օֆֆից, Իսպանիան հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի B խմբում ավարտվեց պայքարը: Վերջին՝ երրորդ տուրում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի դեմ մրցավեճում վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (1-1) և մեծ հավանականությամբ չի հայտնվի փլեյ-օֆֆում, Իսպանիան էլ 1-0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Իսպանիան 100 տոկոսանոց արդյունքով՝ 9 միավորով, գրավեց առաջին տեղը, Իտալիան չորս միավորով հանգրվանեց երկրորդ տեղում: Այս հավաքականները կխաղան 1/8 եզրափակիչում:

Խորվաթիա – Իտալիա խաղում 55-րդ րոպեին հաշիվը բացեց բալկանյան հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը: Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպանը գոլից մեկ րոպե առաջ 11-մետրանոցից վրիպել է:

Իտալացիները խաղի վերջնամասը շատ ակտիվ անցկացրին և ավելացված ժամանակի 8-րդ րոպեին պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի առաջխաղացումից և փոխանցումից հետո Հռոմի «Լացիոյի» վինգեր Մատիա Ձականին գեղեցիկ հարվածով գրավեց Դոմինիկ Լիվակովիչի դարպասը՝ 1-1:

Զուգահեռ ընթացած խաղում էլ իսպանացիները թուլացված կազմով Ալբանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի հասան կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ֆերան Տորեսի՝ 13-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

 

Խորվաթիա – Իտալիա՝ 1-1 (տեսանյութ)

Ալբանիա – Իսպանիա՝ 0-1 (տեսանյութ)

 

Share This