Եթե ՀՀ-ն հրաժարվի Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, կլեգիտիմացնի ադրբեջանական «ավարը». Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություներին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովհետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ ու էթնիկ բնաջնջումներ լինեին և երկու կողմերը հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար կարգավիճակում ունենալ հավասար լուծումներ, ինչն անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,- ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ կան միջազգային ատյաններ, որտեղ կարող է դիմել միայն պետությունը։ Նրա խոսքով՝ օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում կողմ չեն կարող լինել անհատները, պետությունները պետք է լինեն կողմեր, ինչն էլ էական ազդեցություն կունենա իրավական գործընթացների վրա․
«Օրինակ՝ ռասիստական խտրականության ձևերի խնդիրներ անհատները կամ տուժողները չեն կարող ներկայացնել ՄԱԿ-ի դատարան։ Եվ ՄԱԿ-ի դատարանի կողմից ընդունված ակտերը ոչ միայն ունեն իրավական պարտադրականություն, այլ կարող են գեներացնել լուրջ քաղաքական ճնշում»,- ասաց նա։
