Դորտմունդում կայացել է Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 16-ին կայացել է հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արքայական հեքիաթաշար» գրքերի շնորհանդեսը:

«Մենք» երիտասարդական միության նախաձեռնությամբ հեղինակը տեղի հայ համայնքին ծանոթացրել է «Տիգրան Մեծ» և «Արտավազդ արքա» հեքիաթագրքերը:

Միջոցառման ընթացքում ներկա գտնվողները հնարավորություն են ունեցել վայելելու գեղեցիկ նկարազարդումներով, որակյալ գրքերը, հանդիպել դրանց գլխավոր կերպարներին և ավելին իմանալ Արտաշեսյան թագավորական տոհմի մասին: Բացի այդ, նրանք կարողացել են հարցեր տալ Արփի Մաղաքյանին և լսել հեքիաթների ստեղծման գաղտնիքների մասին:

«Արփին իր էությամբ լի է անսահման ջերմությամբ ու լույսով, որոնք նա փոխանցում է շրջապատին. այս շնորհը տրված է ոչ բոլորին: Արփին անպայման պետք է հաճախ հանդիպումներ ունենա Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, դա չափազանց կարևոր է հայ համայքնի համար»,- ասել է «Մենք» միության ղեկավարներից Հունան Եղոյանը։

Գերմանիայի բնակչուհի Անի Բոշիկյանն իր հերթին նշել է. «Չափազանց ուրախ ենք, որ կարողացանք ծանոթանալ Արփիի հետ: Մեր երեխաների գրադարանը համալրվեց ևս երկու գրքով, այն էլ ի՜նչ հիասքանչ գրքերով»։

«Դժվարությունները, հոգնածությունը չքվում են, երբ մտնում ես մի մեծ սրահ, որտեղ հայի սիրուն աչքեր են… Այդ աչքերում այնքան կարոտ կա, այնքան բառեր կան չասված… այնքան հայրենիքի, արմատի մասին նորն իմանալու ցանկություն կա»,- ասել է հեքիաթագիրը։

«Մենք» երիտասարդական միությունը և հեքիաթագիր Արփի Մաղաքյանը պայմանավորվել են առաջիկա համագործակցության մասին։

Արփի Մաղաքյանը բնակվում է ՀՀ-ում, նա ունի տպագրված երեք հեքիաթագիրք՝ «Երևանյան հեքիաթներ» (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022), «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023), «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը» (2024)։

Share This