Դժոխքն ու Դրախտը միանման են, բայց տարբերությունը մեր ներսում է

Մի անգամ բարի մարդը զրուցում էր Աստծո հետ և հարցրեց նրան․
— Տե՛ր, կուզեի հասկանալ՝ ինչ է Դժոխքն ու ինչ է Դրախտը։

Աստված նրան տարավ երկու դռների մոտ, բացեց առաջինը և ներս տարավ։ Այնտեղ կար մեծ կլոր սեղան, որի կենտրոնում դրված էր հսկայական աման, լցված համեղ հոտավետ կերակուրով։ Բարի մարդը զգաց, թե ինչպես է ախորժակն աճում։ Բայց մարդիկ, ովքեր նստած էին սեղանի շուրջ, սոված և տառապող տեսք ունեին։ Նրանք նմանվում էին հյուծված, տանջված մարդկանց։ Բոլորի ձեռքերին կցված էին երկար-երկար կեռներ՝ ճաշասեղանին հասնելու համար։ Նրանք կարողանում էին սնունդ վերցնել, բայց երկար ձեռնափայտերը թույլ չէին տալիս, որ սնունդը բերանին հասցնեն։ Բարի մարդը ցնցված էր նրանց տանջանքներից։
— Ահա, ինչ է Դժոխքը, — ասաց Աստված։

Աստված և բարի մարդը այնուհետև շարժվեցին դեպի երկրորդ դուռը։ Աստված բացեց այն։ Նույն տեսարանն էր․ նույն մեծ կլոր սեղանը, նույն հսկայական ամանը, որը ախորժելի հոտով լցնում էր օդը։ Սեղանի շուրջ նստած մարդիկ նույն երկար կեռներով էին։ Բայց այս անգամ նրանք կուշտ էին, երջանիկ և զրուցում էին միմյանց հետ հաճելի զրույցներով։ Բարի մարդը զարմացած հարցրեց Աստծուն․
— Չեմ հասկանում։ Ինչու են այստեղ ամեն ինչ այլ կերպ, եթե պայմանները նույնն են։

— Շատ պարզ է, — պատասխանեց Աստված, — այստեղ մարդիկ սովորել են միմյանց կերակրել։ Մյուսները մտածում էին միայն իրենց մասին։
Դժոխքն ու Դրախտը միանման են, բայց տարբերությունը մեր ներսում է։

Share This