Գևորգ սրբազանը ստում է․ նա նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն․ Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՑԱՎԱԼԻ Է ՈՐՈՇ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԿԵՑՎԱԾՔԸ

Որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հակաեկեղեցական կեցվածք են դրսևորել: Ցավալի է, բայց նրանք հավանաբար ինչ որ կոմպրոմատների ճնշման ներքո համաձայնվել են դառնալ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ օգտագործվող ապստամբության գործիք:

Այս անձինք, ցավոք, չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, իսկ հաջորդ իշխանությունը արդարությունը վերականգնելու է, այդ թվում՝ լյուստրացիա (գաղտնազերծում) անելով: Հանրությունն ի վերջո իմանալու է, թե ինչ ամոթալի արարքները ծածկելու համար են այս բարձրաստիճան հոգևորականները եկեղեցամարտ դիրքի մեջ մտել:

Այս բարձրաստիճան հոգևորականները շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն իրականում ուզում է Եկեղեցին մաքրել: Նա բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի պառակտի նաև Եկեղեցին:

Եկեղեցին մեր միջնաբերդն է՝ ազգային ինքնության միջուկը: Հետևաբար հասել ենք այս հակազգային գործընթացի գագաթնակետին (կուլմինացիային):

Եթե եպիսկոպոսի կարգավիճակ ունեցող անձինք այս պարզ իրողությունները չեն գիտակցում և եթե Քրիստոսի լույսը և դրվածքը իրենց համար ավելի կարևոր չէ, քան աշխարհիկ որևէ բան, ապա ուրեմն թող բացահայտվեն, որ իրապես մաքրվի մեր Սուրբ Եկեղեցին:

Ինչ վերաբերում է Կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումներին, ապա աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին: Ինչպես գրված է Պողոս առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին 6:1-2-ում՝ «Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ. 2 չգիտէ՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը:»:

Պարզ հարց է ծագում՝ ինչու եք Ձեր հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, ձեր հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այն խոսքին, որ նա իբրև դեմ է քվեարկել նախկին տեր Արամի վերաբերյալ որոշման կայացմանը, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես կողմ է եղել նախկին տեր Արամին կարգալույծ հռչակելուն»,- գրել է նա:

Share This