Գրականությունը երբեմն պարզապես կյանքի արտացոլանք է, երբեմն էլ` կյանքի նոր տեսահորիզոնի մատուցում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտեցի Ալինա Պողոսյանի «Նապաստակի գլուխներ հագած» վեպը։ Գիրքը սկսեցի դեպի Աբու Դաբի թռիչքի ժամանակ (փետրվարի 3-ին, ժամը 22:30-ից), վերջացրեցի Երևան վերադարձի ճանապարհին։ Մոտավորապես տեւեց մեկուկես օր։ Ուզում եմ ասել՝ մեկ շնչով կարդացվող գիրք է. մեր մասին իրական, հավես, սիրուն պահեր շատ կան։ Եվ, այնուամենայնիվ, գաղթի գրականություն է, պատմում է մեր օրերի գաղթականների մասին։
Դրվագներից մեկում Միչիգանում մի գեղեցիկ երեկո ՀՀ-ից գաղթած հերոսները ընթրում և զրուցում են. «Ախպերս, մեր մոտ ամեն ինչ շատ պարզ ա։ Միջազգային էդ քո ասածները կռվի տեղը կապ չունեն` կա՛մ խփում ես, կա՛մ խփում են»։
«Մեր մոտ» ասելով` Հայաստանը նկատի ունեն, կռիվն էլ, որի մասին խոսում են, 44-օրյա պատերազմն է։
Մեկ այլ դրվագում նկարագրվում է երևանյան քաղաքային առօրյա. «Դրոշի տղու օրն էր (…) Ամեն չորեքշաբթի (…) դրոշի տղան իջնում էր մեքենայից, իջեցնում էր աստիճանը, բարձրանում, հանում էր շենքի մուտքի վերևում կախված եռագույնը, խնամքով ծալում, դնում էր պարկի մեջ, փոխարենը` կախում նորը»։
«(…) Շենքի պահակը տղային երկար նայելուց հետո ասաց.
-Ա՜յ բալամ, մեղք չե՞ս, ամեն շաբաթ գալիս, էդ նարդիվանը դնում, բարձրանում ես, որ նորը կախես, հեն ա մաքուր ա, էլի՜։
-Էսօր մաքուր ա, հոպա՛ր, բայց պիտի փոխեմ, որ էսօրվանից հետո էլ մաքուր լինի։ Էս հարցերում էսօրվանից հետո՛ն ա կարևոր (…)»
Գրականությունը երբեմն պարզապես կյանքի արտացոլանք է, երբեմն էլ` կյանքի նոր տեսահորիզոնի մատուցում։ Երկու դեպքում էլ գրականությունը հիանալի է»։

Share This