Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին՝ նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին. Անդրանիկ Քոչարյան
Գաղտնալսումներ միայն ԱԱԾ-ն չի իրականացնում, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին նույնպես գաղտնալսել են․ ԱԺ այսօրվա նիստում, անդրադառնալով գաղտնալսումների թեմային, ասաց Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքն ասել է, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղի՞ց են արել: Ինչ-որ սխեմաներ ասացին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց Ձեզ տեղեկություն, թե Ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին՝ նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ դնելուն, Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ մեր համապատասխան կառույցները պետք է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն:
«Եթե գաղտնալսումն արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա նա ո՞նց կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գալ: Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը՝ սկսած շարքային գաղտնալսողից, վերջացրած որոշում կայացնողով, այդ հնարավորությունից զրկված լիներ, որովհետև այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում: Այդ բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում անվստահության հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
